Սննդամթերքի անվտանգության ծառայությունը 468 տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերել է խախտումներ
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում իրականացվել է 62 դիտարկում և 15 ուսումնասիրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ-ից, ուսումնասիրությունների ընթացքում 777 տնտեսավարող սուբյեկտներից 468-ում հայտնաբերվել են խախտումներ:
Տեսչությունը մասնավորապես «Կայզեր» սուպերմարկետում վաճառվող «Աշոտ եւ Հռիփսիմե» ՍՊԸ արտադրության բաստուրմայի վրա մակնշման անհամապատասխանատվություն է հայտնաբերել եւ կազմել արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ արձանագրություն:
2012 թվականի օգոստոսի արտադրության «Սադիա» եւ 2012 թվականի սեպտեմբերի արտադրության «Ֆրանգոսուլ» ապրանքանիշի սառեցված հավերում ՍԱՊԾ-ի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ աճի խթանիչները թույլատրելի քանակից շեղվել են: Տեսչությունը հրահանգել է խմբաքանակը հետ կանչել շուկայից եւ ոչնչացնել:
«Սիսիան կաթ» ապրանքանիշի թթվասեր 20 եւ 15%, կաթ 3,2%, մածուն 3,2%, կաթնաշոռ 9%, սերուցք, չանախ եւ լոռի պանիրները վճառվել են առանց արտադրության օրվա մակնշման: ՍԱՊԾ-ի կողմից կազմվել է արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ արձանագրություն:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել նաեւ, որ «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ արտադրության նրբերշիկի վրա հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ. մասնավորապես’ դրանցում բացակայում էր ամսաթիվը: «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի պաղպաղակն էլ առանց պարտադիր սերտիֆիկատի էր վաճառվել: Երկու դեպքում էլ կազմվել են արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ արձանագրություններ:
Իսկ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրության պանրիկի, կաթնաշոռի, «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի արտադրության թթվասերի, պանրիկի վրա հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ’ մասնավորապես բաղադրության բացակայություն: Բոլոր դեպքում էլ կազմվել են արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ արձանագրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում