ՍԾՏՀ երկրների վեհաժողովում ադրբեջանական քարոզչամեքենան տապալվել է
Նմանատիպ
Բուլղարիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ժամանակ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ տապալվեց: Հուլիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակության հերթական հայտարարությունն ուղղված էր Ղարաբաղյան հիմախնդրի նենգափոխմանը:
«Վեհաժողովի ժամանակ ընդհանուր թեման տուրիզմի զարգացումն էր անդամ երկրներում և յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացներ տուրիզմի զարգացման իր երկրի հեռանկարներն ու ծրագրերը: Մենք ներկայացրեցինք մեր հեռանկարները և այն խնդիրները, որոնք պետք է հաղթահարել այդ ոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Մինասյանը:Նա նշեց, որ ադրբեջանական պատվիրակության անդամ Ասադ Հաջիևն իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե իբր իրենց տարածքի 20 տոկոսը օկուպացված է, որը խաթարում է տուրիզմի զարգացումը: «Նա իրեն իրավունք վերապահեց նաև անդրադառնալ մեր երկրի տուրիզմին և իրեն թույլ տվեց ասել, թե իբր Հայաստանում տուրիզմը չի կարող զարգանալ»,-նշեց Մինասյանը’ շեշտելով, որ հայկական պատվիրակությունը այդ հայտարարություններին պատասխանեց ըստ արժանվույն:
Պատգամավորը հայտնեց, որ երկրորդ խնդիրը կապված էր Թուրքիայի հետ, քանզի այդ երկիրը ցանկանում է 2020թ.-ի օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնել և խնդիր էր դրել, որ վեհաժողովը պաշտպաներ այդ առաջարկը: «Բնականաբար այդ առաջարկը մեզ համար անընդունելի էր և մենք ասացինք դրա մասին: Օլիմպիական խաղերը խաղաղության, համաձայնության և բաց սահմանների տոն են, մինչդեռ Թուրքիայում չկա նման բան, ուստի մենք ձեռնպահ մնացինք քվեարկությունից»,-ասաց Մինասյանը:
Ղարաբաղյան հիմնախնդրի նենգափոխման հետ կապված Մինասյանն իր ելույթում հայտարարել է, որ ադրբեջանական տարածքում որևէ օկուպացիա գոյություն չունի: «Ճշմարտություն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդը հայտարարել է իր անկախության մասին, մինչդեռ Ադրբեջանը դրան պատասխանեց սանձարձակ ագրեսիայով, որն ավարտվեց իր համար խայտառակ պարտությամբ»,-եզրափակեց Մինասյանը:
Պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը փորձեց օգտագործել մոլդովացի օբուդսմենի հետ կապված, այսպես կոչված, սկանդալը’ հայտարարելով, թե «եթե նման մարդկանց համար ապահով չէ, ապա ինչպես կարող է ապահով լինել տուրիստների համար»: «Հենց տեղում Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամը հանդես եկավ ելույթով’ հերքելով այդ ամենը: Բանն այն է, որ այդ Հաջիևը ելույթ ունեցավ և դահլիճն անմիջապես լքեց ու էլ չեկավ դահլիճ: Փաստորեն, նրանց գերխնդիրը կայացել է նրանում, որ իրենք կարողանան նկարահանել իրենց ելույթը և ցույց տան իրենց իշխանություններին»,-նկատեց Մելքումյանը:
Բուլղարիայում Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության վեհաժողովն անցկացվել է հուլիսի 9-11-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում