Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում

Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ… Հայ ազգային տոներն առավել ճանաչելի դարձնելու, դրանց վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը հրատարակել է «Հայ ազգային- ավանդական տոներ» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարուստ բովանդակությամբ ուղեցույցի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին կազմակերպության գրասենյակի բացօթյա հարթակում:

Ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը տարիներ շարունակ կազմակերպում էր ազգային-ավանդական տոներ` երիտասարդների աջակցությամբ և մասնակցությամբ: «Հաճախ հենց այդ երիտասարդներն են համախմբվում և կազմակերպում մեր տոները, երբեմն ծեսերը: Նրանք ձգտում են ավելին իմանալ, հասկանալ ծեսերի իմաստը և այլն: Դա մեզ հուշեց, որ կարող ենք երիտասարդների ուժերով նման գիրք հրատարակել: Նրանք տեղեկությունները չեն գտել ինչ-որ տեղից ու ամփոփել գրքույկում, այլ տարվա ընթացքում կազմակերպել են տոներն ու դրանց հիման վրա ուղեցույց են կազմել այն երիտասարդների համար, որոնք բավարար ինֆորմացիա չունեն մեր տոների մասին»,-պատմեց Մխիթարյանն ու հավելեց, որ տարվա սկզբին հատուկ ուսուցողական դասընթաց են կազմակերպել, որտեղ մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետները համատեղ ուժերով կարողացել են մասնակից երիտասարդներին փոխանցել համապատասխան գիտելիքներ, նրանց ներգրավել հայկական Տոնացույցի հերթական տոնի կազմակերպման թիմում`հաղորդելով գործնական հմտություններ:

Ատոմ Մխիթարյանի համոզմամբ` ուղեցույցը կարող է օգտակար լինել և’ Հայաստանի, և’ սփյուռքի երիտասարդ առաջնորդներին, և’ մշակութային ու հասարակական կառույցներին:

Ուղեցույցը կարելի է օգտագործել համայնքներում մշակութային միջոցառումներ, ազգային-ավանդական տոներ նախապատրաստելու և կազմակերպելու համար:

Գրքի խմբագիր Լուսինե Նազարյանն էլ ընդգծեց, որ ժողովրդական տոներից յուրաքանչյուրը, բացի կատարման հստակ կանոնակարգից ուներ կատարման հանդիսության վայրը, հատուկ ծիսական ուտեստները, հատուկ ծիսական պարագաները: «Բոլոր տոներն սկսվում էին նախապատրաստությունից, հատուկ արարողակարգով մաքրվում էին տունը, գոմը, մարագը, որոշ տոներից առաջ պիտի մաքրվեին նաև հոգեպես` պասի միջոցով»,-հիշեցրեց Նազարյանը:

Նա ընդգծեց, որ քաղաքակրթության, մտածողության փոփոխությունների պատճառով որոշ հիշողություններ ջնջվել, իսպառ կամ մասամբ մոռացվել են, բայց բուն, խիստ ազգային, խիստ ավանդական հնագույն պաշտամունքային ծեսերը մեծապես պահպանվել են որպես գեղեցիկ ժողովրդական սովորություններ, ինչպես որ հնագույն բազմաթիվ պաշտամունքային կամ պատմական երգեցիկ նմուշներ պահպանվել են որպես ավանդական ժողովրդական երգեր:

Շնորհանդեսն ուղեկցվեց հայ ազգային ավանդական երգերի կատարումներով, ամփոփվեց գինեձոնի արարողությամբ:

Գիրքը, որը հասանելի է նաև օնլայն հարթակում, հրատարակվել է «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակում` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակի օժանդակությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում