Գանձասար-Կապանը որոշում է կայացրել ելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին

Գանձասար-Կապանը որոշում է կայացրել ելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Sport.times.am«Գանձասար-Կապանը» ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին:

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։

ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։

Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։

Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար:

Հարգանքներով՝

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում