«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ». Թրամփ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Փրամփը հայտարարել է, որ միայն «օրինական ձայները» հաշվարկելու պարագայում ինքը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, գրում է Reuters-ը:
«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ձայների հաշվարկի գործընթացը` հայտարարելով, որ դրա ընթացքում շարունակվում են «խարդախությունները»:
«Սա այն դեպքն է, երբ նրանք փորձում են գողանալ ընտրությունը: Նրանք փորձում են խարդախություն անել, և մենք չենք կարող դա թույլ տալ»,-հավելել է Սպօտակ տան ղեկավարը:
Թրամփը ենթադրել է, որ ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ ըստ նախնական կանխատեսումների՝ պիտի հաղթեր դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփի խոսքով՝ դա հատուկ է արվել քվեարկողներին հօգուտ դեմոկրատ թեկնածուի ճնշելու նպատակով:
«Ապօրինի» ձայները
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն Թրամփը կասկածներ է հայտնել, որ ամերիկյան շատ նահանգներում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահականության արդյունք չէ:
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ դեմ է ընտրությունների օրվանից հետո «ապօրինի» ձայների հաշվարկին: Գործող նախագահը հիշեցրել է նաև իր հայտարարությունը այն մասին, որ «փոստով քվեարկությունը կվերածվի աղետի»:
«Մենք հաղթել էինք առանցքային նահանգներում և, ի դեպ, մեծ առավելությամբ, բայց հետո այդ առավելությունը ոչնչացվել է», – ասել է Թրամփը ՝ որպես օրինակ բերելով Փենսիլվանիա, Միչիգան, Ջորջիա և Վիսկոնսին նահանգները:
Ձայների հաշվարկի վերահսկողություն
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները անհիմն կերպով զրկվել են ընտրություններում ձայների հաշվարկին մասնակցելու հնարավորությունից:
«Չկա օրինական որևէ հիմք՝ թույլ չտալ, որ նրանք հետևեն (հաշվարկին)», – ասել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ ինքն ու իր կողմնակիցները ցանկանում են արդար ընտրություններ և ձայների արդար հաշվարկ:
Խախտումները ընտրությունների ժամանակ
Թրամփը նշել է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:
«Ողջ երկրի տարածքում տեղի են ունեցել մի շարք անհանգստություն առաջացնող խախտումներ»,– վստահեցրել է նախագահը:
Սենատի ընտրությունները
Բացի այդ, Թրամփը պնդում է, որ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը «պահպանել է իր դիրքերը ԱՄՆ Սենատում»:
«Մենք Սենատը պահեցինք, չնայած պետք է երկու անգամ ավելի շատ տեղեր պաշտպանեինք (քան դեմոկրատները)», – ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ:
Սենատի ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարված չեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում