Քննարկմանը մասնակցող բոլոր ուժերի մտահոգության առարկան Արցախն է. Իշխան Սաղաթելյան

Քննարկմանը մասնակցող բոլոր ուժերի մտահոգության առարկան Արցախն է. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՔաղաքական ուժերի քննարկումը շարունակվում է, դրանք բավականին դրական և միասնական մթնոլորտում են անցնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի քանի օր է, ինչ քաղաքական ուժերը քննարկում են իրականացնում և օրակարգում առաջնային հարցը Արցախում ստեղծված իրավիճակն է:

Նա նաև ասաց՝ երբ կլինի վերջնական եզրակացություն և որոշում, այդ ժամանակ էլ կլինի հայտարարություն: «Խորհրդարանական ուժերից նաև ԲՀԿ-ն է մասնակցում: Հիշեցնեմ սեպտեմբերի 27-ին ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հայտարարությունը, որով քաղաքական ուժերը միասնական են և ընդդիմադիր բացառիկ կեցվածք են ցուցաբերել այս ամբողջ ժամանակահատվածում:

«Ուզում եմ նշել, որ մենք կանգնած ենք եղել պետության ու բանակի կողքին: Մեկնակետը դա է: Բայց կա իրավիճակ, ընդհանուր գնահատականներ, որի մասին քննարկումները շարունակվում են: Իրավիճակը շատ նուրբ է ու զգայուն, կան բազմաթիվ մտահոգություններ, դրանց շուրջ քննարկումներ են գնում: Կունենանք ընդհանուր հայտարարություն, այդ ժամանակ առավել մանրամասն կմեկնաբանեմ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Դիտարկմանը, որ մամուլում անդրադարձել էին, թե ընդդիմադիր կուսակցությունները հայտարարության մեջ պատրաստվում են անդրադառնալ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին, Իշխան Սաղաթելյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ չունի լիազորություն խոսելու մյուս կուսակցությունների անունից:

«Այս պահին շատ կարևոր է արձանագրել, որ ներկա բոլոր կուսակցությունների թիվ մեկ մտահոգության առարկան Արցախն է, և մեր բոլոր գործողությունները միտված են լինելու ստեղծված իրավիճակից հաղթական կերպով դուրս գալու համար լուծոիմներ գտնելուն: Այսինքն, բոլոր այն մեկնաբանությունները, մեզ վարկաբեկման պրոցեսը, կամ թիկունքը թուլացնել փորձող մարդիկ, պարզապես չեն հասկանում թե ինչի մասին է խոսքը: Մեր բոլորի գործողությունները միտված են լինելու մեր բանակի, մեր պետության թիկունքը ամրապնդելուն, ավելի ուժեղացնելուն և հաղթանակ ապահովելուն»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում