Հայրենի հողը

Հայրենի հողը

Եղել է հնում, պերճ արևելքում
Մի քաջ զորավար` հայրենապաշտպան,
Առանց ընկճելու երկրի թշնամուն`
Նըրա սուրը երբեք չի մտել պատյան:

Նըրա արձակած տեգը խոլական
Թշնամու հողում ցըցվել է ահեղ,
Նըրա սարսափը օրհասի նման
Թշնամու գլխին կախվել ամեն տեղ:

Եվ ժողովրդի քնարը ազնիվ
Փառաբանել է անունը նըրա,
Հաղթանակները փայլուն ու անթիվ`
Սուրբ հայրենիքի ոսոխի վըրա:

Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:

Անհուն նախանձի կրքով տոչորուն`
Մի օր խնջույքում արքայական տան,
Մի զորականի` անհայտ, անանուն,
Ժպտաց սիրալիր, դրվատեց նըրան:

Եվ նա փոխարեն զորավարին մեծ`
Տեղ տվեց նըրան առընթեր գահի,
Հյուրերին բոլոր` զարմանք պատճառեց
Այնքան ապերախտ վարմունքն արքայի:

Մյուս օրը շըքով այն զորականին
Սպարապետի սուր տվեց արքան,
Եվ հրամանատար կարգեց բանակին,
Իսկ զորավարին` թիկնապահ նըրան:

Զայրացավ հոգին քաջ զորավարի,
Համհարզները իր սաստիկ զայրացան,
Առավ ընկերներն հին կռիվների,
Եվ հողն հայրենի թողին, հեռացան:

Գնացին նըրա սուրի հետևից,-
Ճակատագիրը սուրն է քաջերի,-
Հողեր գրավեց բռնակալներից
Եվ դառավ իշխան տիրած հողերի:

Եվ երբ հրճվանքով լսեց թշնամին,
Թե անպարտելի զորավարը քաջ
Լըքել է անդարձ երկիրն հայրենի,
Եվ բաց են դռներն արշավի առաջ,-

Մոռացան իսկույն և՛ փորձ, և՛ սարսափ,
Հնչեց շեփորը գոռ պատերազմի,
Հին թշնամու դեմ խոյացան շտապ`
Լուծելու անմոռ վրեժն արյունի:

Սահմաններն անցան և խուժեցին խոր,
Հըրի մատնեցին գյուղեր ու ավան,
Սպարապետը փախավ գլխիկոր,
Զորք ու ժողովուրդ խուճապի ընկան:

Խուռըն խռնվեց հրապարակներում
Ժողովուրդը ողջ, հեղեղանման.
-Ո՜ւր է, գոչեցին, զորավարը մեր`
Սուրբ հայրենիքի փրկիչ ու պաշտպան:

Նախարարներին ու թագավորին
Կարդացին բուռըն, խիստ սպառնալիք,
Որ խնդրեն իրենց քաջ զորավարին,
Պատվով ու փառքով բերեն հայրենիք:

Եվ ավագանին նստեց խորհրդի,
Երեք փորձաշատ ծերեր ընտրեցին,
Որ թագավորի և ծերակույտի
Խնդիրը տանեն քաջ զորավարին:

Պատվիրակները հասան հոգնաբեկ,
Իշխանի առաջ կանգնեցին ոտի,
Ողջույններ տվին զորավարին սեգ
Եվ աղերսները մեծ ծերակույտի:

Զրույց էր անում զորավարը մեծ
Ընկերների հետ իր հավատարիմ,
Եվ պատմում էին հին արկածներից,
Հիշում մարտերը` վարած միասին:

Տարածեց ձեռքը իշխանը փութով,
Լռեց դահլիճը պերճ ապարանքի.
Պատվիրակները պատմեցին վշտով
Թշվառ վիճակը մայր հայրենիքի:

Լսում էր տխուր պատգամը նրանց,
Վարանմունքի մեջ վշտակոծ հոգին,
Վաղեմի քենը բռնկվեց հանկարծ
Եվ ձեռքը ժխտող տարածեց ուժգին:

Ոսոխն օրեցօր մխրճվում է խոր,
Ուր ոտք է դնում` ավեր ու ավար,
Եվ ժողովուրդը վհատ ու մոլոր
Հնար է փնտրում, չի գտնում հնար:

-Մայրենի տաղով, հայրենի հողով
Կերթանք նրա մոտ մեր գուսանն ու ես,-
Ձայնում է ուժով մի ծեր շինական,-
Կբերենք նրան, նա չի լքի մեզ:

Եվ ժողովուրդը ուղի է դնում
Իր հին գուսանին և ծեր գեղջուկին.
-Ողջույններ տարեք, մեր սերը անհուն,
Նա չի մոռանա իր ժողովրդին:

Գնացին նրանք, սահմանը չանցած`
Շինականն արտից առավ մի բուռ հող,
Լցրեց քսակը, և արագընթաց`
Հասան իշխանի ապարանքը ճոխ:

Երեկո էր ուշ. կանթեղները լուռ
Նշույլում էին պերճ ձեղուններից,
Զորավարը հին` նստել էր տխուր,
Ընկերների հետ` մռայլ, թախծալից:

Տավիղն հինավուրց հանելով ուսից`
Գուսանը կանգնեց դահլիճում մարմար,
Զարկեց լարերին թափով, խանդալից,
Եվ լեզու առավ տավիղն ոսկելար:

Հին հայրենիքի մեղեդիներն հին
Մեղմ կարկաչեցին առվակների պես.
Գուսանը վառման` երգեց սրտագին
Ճերմակ լեռների կատարները վես:

Արծըվի կանչը` ժայռի գագաթին,
Ծըփուն արտերի զմրուխտը պայծառ,
Վիթերի վազքը` կիրճերում մթին,
Հոտերը բարի` դաշտերում դալար:

Երգեց ձիերի խրխինջը խրոխտ
Հայրենի փոշոտ ճանապարհներում,
Խաղողը ոսկի, հնձանները հորդ,
Եվ խրճիթների ծուխը ոլորուն:

Երգեց սիրազեղ վարդ-աղջիկներին,
Որոնք կարոտով կանչում են նրան,
Երգում են նըրա փառքը սխրագին,
Որ շողշողում է արևի նման:

Մռայլ ճակատը դողդոջուն ձեռքին
Եվ աչքերը գոց` երազով տարված,
Լսում էր քաջը գուսանի երգին,
Լսում էր` սրտին ականջը դըրած:

Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեռած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:

Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը հողով
Իշխանի առաջ և կանգնեց անդորր:

Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:

Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:

Այդ հողն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դառել:

Լսում է խորհին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի հողի խորհուրդը հըզոր:

Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,
Զգում է այնպես` թե աշխարհի ողջ
Գանձերը ունի ափի մեջ բռնած:

Աչքերը լցված սրտի արցունքով`
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա հողը հայրենի:

Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,
Ընկերների հետ փառքի և վշտի
Սլանում է սուրբ հողը հայրենի:

1920թ.
Ժնև

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում