Հայաստանում վեց ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 4,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թվականի հունվար-հունիսի դրությամբ 4,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում, բացի շինարարության եւ էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառներից: Անկում է արձանագրվել նաեւ ներմուծման ցուցանիշում: 2012թ. հունվար ունիսի համեմատ այս տարվա վեց ամիսների ընթացքում ծառայությունների ծավալներն աճել են 4,4, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,1 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն աճել է 3,5 տոկոսվ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,3 տոկոսով: Շինարարությունը շարունակում է անկում ապրել. տնտեսական ակտիվության ցուցիչում շինարարության ծավալը կազմել է 91,2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4,9 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել 2,7 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2012-ի հունվար-հունիսի համեմատ ավելացել են 0,8 տոկոսով: Արտահանումն աճել է 9,9 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել 2,1 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկված է ըստ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246), որի համաձայն ՀՀ-ում աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներում 2013թ. հունվարի 1-ից ներառվել են նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում, 2013թ.-ից աշխատավարձի ցուցանիշը նախորդող ժամանակագրական շարքի հետ համադրելի դարձնելու նպատակով, նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները վերահաշվարկվել են ըստ գործող մեթոդաբանвւթյան’ գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկային (պայմանականորեն) դրույքաչափերը կիրառելու մեթոդով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում