Այս դժվարին պահին Գորիսի քաղաքապետին ձերբակալելը դավաճանություն է. Գորիսի բնակիչ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գիշերով գողանում են Գորիսի քաղաքապետին, իսկ հիմա այստեղ հավաքված մարդիկ պահանջում են, որ Գորիսի քաղաքապետին և Գորիսի ինքնապաշպանության ջոկատի հրամանատար Առուշ Առուշանյանին բաց թողնեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ի պաշտպանություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց Գորիսի մի բնակիչ` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալմանը:
Նա նշեց, որ իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են:
«Այս դժվարին պահին Առուշանյանին ձերբակալած պահելն ավելի է ընդգծում, որ սա դավաճանություն է, այստեղ այլ տարբերակ չկա: Մարդուն ձերբակալել միայն նրա համար, որ դեմ է, որ Սյունիքի ինչ-որ հատվածներ կտոր-կտոր արվեն և խմորեղենի նման նվեր տան»,- ասաց նա և կոչ արեց անհապաղ Առուշ Առուշանյանին ազատ արձակել:
Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ փակ է լինելու Սյունիքը իր համար: «Ինքը հասկացել է, որ սյունեցին անկոտրում է, հասկացել է, որ պետք չէ բախումների գնալ և այստեղ իր քմահաճույքներով չեն շարժվելու և չեն համաձայնելու իրենց հայրենիքը զիջել: Նորից ճանապարհը փակելու ենք և չի բացվելու այնքան ժամանակ, մինչև Առուշանյանին բաց չթողնեն: Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ասել, իր համար Սյունիքը այլևս փակ է: Եթե իրենք մտադիր են Առուշանյանին անհիմն մեղադրանքներով կալանքի տակ պահել` ճանապարհը փակ է լինելու»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում