Ո՞ւր եք, մարմինը լքած հոգիներ․․․

Ո՞ւր եք, մարմինը լքած հոգիներ․․․

Ոչ մի նման դեպք ես դեռ չգիտեմ –
Երբ մարդն իրենից հեռու է մեկնում
Իբրև ինքն իրեն անհաղորդ մի դեմք,
Ու հեռանում են անձերը երկու

Տարբեր ուղղությամբ, ու չեն մտածում,
Թե կհանդիպե՞ն իրար երբևէ,
Ու միայն լքված հոգին է թախծում,
Բայց վիշտն անուրջի նման թեթև է,

Ու նա շրջում է լքված, առանձին
Այս տարածքներում ամայի, անմարդ –
Սա է պատճառը անսահման թախծի,
Որ ծիր է բացում բոլորի համար…

Ո՞ւր եք, մարմինը լքած հոգիներ,
Եվ հոգին լքած բյուրավոր մարդիկ,
Ու եթե այս է հեռացման գինը,
Ո՞վ պիտի անհուն վիշտն այս փարատի։

Նրանք մեկնում են ու չեն մտածում,
Թե կհանդիպե՞ն երբևէ իրար,
Միայն հոգին է մեկուսի թախծում,
Ու նրան է այս երգը նվիրված…

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում