Կյանքից հեռացել է բանաստեղծ Սուրեն Մուրադյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ Սուրեն Մուրադյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գրողների միությունը.

«Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության մեջ: Նրա ստեղծագործությամբ կրթվել են սերունդներ:

Սուրեն Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին Լոռու Ակներ գյուղում:

Աշխատել է մի շարք գրական պարբերականներում, ՀՀ ազգային ռադիոյում: Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն և այլն: Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ հեքիաթներն ու պիեսները հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, բեմադրվել ոչ միայն հայաստանյան թատրոններում:

Նա կատարել է թարգմանություններ ռուս մանկագիրների ստեղծագործություններից:

Սուրեն Մուրադյանի գրականությունն ըստ արժանվույն գնահատվել է, և նա արժանացել է պետական բարձր պարգևների՝ Մովսես Խորենացի մեդալի և մի շարք գրական մրցանակների:

Սուրեն Մուրադյանի՝ վաստակաշատ բազմաժանր գրողի, սիրված մանկագրի, հարգված մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, բոլոր հարազատների սրտերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում