Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր Հայրենիքի շահերով»
Նմանատիպ
Դեկտեմբերի 27֊ին, Սուրբ Գայանե վանքում մատուցված տարեվերջյան պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Ստորև ներկակացված է սղագրությունը։
Հարց. Վեհափառ Տեր, ի՞նչ խոսք ունեք ժողովրդին ուղղելու։
Վեհափառ Հայրապետ. «Փառք եւ գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր ժողովրդի զավակները տարվա վերջին կիրակին այցելել են եկեղեցի` մեր ժողովրդի ու Հայրենիքի համար իրենց աղոթքը բարձրացնելու։
Անշուշտ, ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունը հայտնելու մեր Եկեղեցուն` համացանցում Եկեղեցու հասցեին հնչած բռնության ու սպառնալիքի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, սերը եւ նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»։
Հարց. Եկեղեցին փորձո՞ւմ է միջամտել քաղաքականությանը։
Վեհափառ Հայրապետ. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր Հայրենիքի շահերով։ Եվ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Եվ որեւիցե կերպ դա չպետք է ունենա այլ մեկնաբանություններ։ Ինչպես մեր քաղաքացիները, առավելապես մեր Եկեղեցին իր կարծիքը ազատ է արտահայտելու»։
Հարց. Դա աստվածահաճո՞ է։
Վեհափառ Հայրապետ. «Եթե արտահայտած տեսակետը ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի պաշտպանություն մեր ժողովրդի է` դա աստվածահաճո է»։
Հարց. Հարձակումները Եկեղեցու վրա ուղղորդվա՞ծ են։
Վեհափառ Հայրապետ. «Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետեւ չգիտենք, թե ովքեր են եւ ինչ ծավալի հարձակումներ են (ծրագրել)….»
Հարց. Երկուսուկես տարի նման արշավներ եղե՞լ են։
Վեհափառ Հայրապետ. «Ես չպետք է ցանկանամ մեկնաբանել այդ թեման։ Որոշ անձեր, որոնք ունեին կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց Հայրապետի ու Հայ Եկեղեցու վերին իշխանության վերաբերյալ, արտահայտել են իրենց տեսակետը եւ այդ իրավիճակում կատարել են այն, ինչ իրենք համարել են, որ պետք է թույլ տան իրենց` իրենց նպատակին հասնելու համար»։
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում