Ստեղծվել է Արսեն Փոլադովի անվան եզդիական թատրոն
Նմանատիպ
«Եզդիների կողքին» նախաձեռնությունը շուտով կներկայացնի մնջախաղի վարպետ Արսեն Փոլադովի անվան եզդիական թատրոնի առաջին՝ «Կռիվ ու սեր» ներկայացումը, որը նվիրված է Արցախյան պատերազմում զոհված եզդիների հիշատակին: Սցենարի հեղինակը «Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանն է, ռեժիսորը՝ Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Ընծա Բաբախանյանը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գրետա Ալեքսանյանը, «Եզդիների կողքինը» կրթամշակութային նախաձեռնություն է, որի մաս է կազմում նաեւ եզդիական թատրոնի ստեղծումը: Նրա խոսքով, Հայաստանում տարբեր ժամանակներում եղել են եզդիական թատերախաղեր, ինչ-ինչ բեմադրություններ, սակայն Հայաստանի պետական մնջախաղի թատրոնի հիմնադիր, ազգությամբ եզդի Ասեն Փոլադովի անունով թատրոն, որպես այդպիսին առաջին անգամ է ստեղծվում :
Գրետա Ալեքսանյան
«Առաջին ներկայացումը նախատեսվում էր բեմադրել ազգային լեգենդի կամ որեւէ պատմվածքի հիման վրա, սակայն, երբ սկսվեց պատերազմը, թեման դարձավ «Կռիվ եւ սեր»: Խոսքը ազգությամբ եզդիների՝ մշտապես Հայաստանի կողքին գտնվելու եւ Հայաստանի հանդեպ սիրո մասին է: Ներկայացումը եզդիերեն է, դերասանները, ցավոք, չունեն մասնագիտական կրթություն, բայց փորձերի ընթացքում նրանց հետ համապատասխան դասընթացներ են անցկացվել»,- նշեց Գրետա Ալեքսանյանը:
Ռեժիսորն ասաց, որ կունենան կայուն խաղացանկ, եւ փետրվարի 1-ից հանդիսատեսը կարող է եզդիերեն ներկայացումներ դիտել՝ եզդիական թատրոնում, որը վարձակալությամբ տեղակայված է Մաչանենց թատրոնում՝ Էջմիածնում:
Արսեն Փոլադովի լուսանկարը՝ wikipedia.org-ից
Հետաքրքրվեցինք՝ Փոլադովի հարազատներն ինչպե՞ս են ընդունել նրա անունով թատրոնի ստեղծման մասին լուրը: «Փոլադովի մերձավոր ազգականները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում են, Մոսկվայում են ապրում նրա որդին՝ Սամվելը, կինը՝ տիկին Ազնիվը եւ եղբայրը՝ Ֆայզո Փոլադովը: Վերջինս Յարոսլավլի եզդիական համայնքի ղեկավարն է: Իրենք շատ ոգեւորած են թատրոնի ստեղծման գաղափարով:
Ես կարծում եմ, որ հայ-եզդիական հարաբերություններում կարեւոր նշանակություն ունի նաեւ մշակույթը, այդ պատճառով երկու կողմից պետք է փորձենք փայփայել այն արժեքը, որ կա: Մենք ստեղծում ենք Փոլադովի անվան թատրոն, բայց նաեւ հույս ենք փայփայում, որ Մնջախաղի պետական թատրոնը մի օր կկոչվի հիմնադրի անունով: Փոլադովը երեւույթ է եղել, Վիլյամ Սարոյանի ու Վիսոցկու մտերիմը…»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա նաեւ հավելեց, որ եզդիների մշակույթի եւ պատմության մասին աշխատություն գրում, որը ժամանակավորապես դադարեցրել է, օգտվելու է նաեւ Փոլադովի արխիվից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ազդագիրը՝ «Եզդիների կողքին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում