«Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո մենք ունենք անդամալույծ կառավարություն. դրա ականատեսն ենք բոլորս»,- այսօր մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։
Նրա խոսքով, ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքներն իրենց կաշվի վրա զգում են հայաթափվող և թշնամուն հանձնվող գյուղերի բնակիչները, սակայն, այդ նույն բնակիչներին հալածելիս է ոստիկանությունն արթնանում և անհամաչափ ուժ կիրառում։
Միևնույն ժամանակ, ըստ բանախոսի, Կառավարությունը հատուկ ծրագիր է իրականացնում, որը Հայաստանում չի մշակվել։
«Այդ դավաճանական ծրագրի իսկությունը վատթարագույն դրսևորումն ունեցավ մշակույթի ոլորտում, երբ տգետ ու ազգադավ նորերի կողմից հնչեց Նարեկացուն մոռանալու կոչը, երբ Հայ գրականության դասագրքերը փորձեցին լցնել արդի գրականության աղբով, երբ գրքի երևանյան փառատոնում հայաստանյան լավագույն բանաստեղծ ճանաչվեց մի հեղինակուհի, որը հայտնի է իր սեռական օրգանների մասին գրվածքներով, երբ Մոսկվայի գրական փառատոնում Հայաստանը ներկայացնելու պատիվը տրվեց «էշ գզողին»՝ ռուս ընթերցողին պատմելու համար, որ հայ տղամարդիկ գյուղերում զբաղված են ավանակների հետ սեռական հարաբերությամբ։ Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ հարվածն ուղղված է մեր մշակույթի սրտին»,- ասաց նա։
Աբգար Ափինյանը կարծիք հայնտեց, որ գործող իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու։
«Մենք տեսնում ենք դավաճանություն՝ ազգային արժեքներին և՛ գրականության մեջ, և՛ երաժշտության ու թատրոնի ասպարեզում, և՛ գիտության ու կրթության ասպարեզում: Մենք՝ Հայ եկեղեցին, հայ մտավորականները, քաղաքական ուժերը, «Հայրենիքի փրկության շարժումը», պետք է համախմբվենք»,- եզրափակեց խոսքը Երևանի գրողների միության նախագահը
Հետևեք մեզ նաև Telegram-ում