Վրձինը փոխարինելով զենքով
Նմանատիպ
Հայոց պատմության մեջ կան դեպքեր և հերոսներ, որոնք երբեք անցյալ չեն դառնա, քանի որ այդ հերոսների ու իրադարձությունների մեջ է դրսևորվում հայ ժողովրդի յուրովի նկարագիրը: Նման պատմական դեմքերից է արևմտահայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայտնի գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը, ով իր կյանքի երիտասարդության շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:
Փանոս Թերլեմեզյանը ծնվել է 1865 թ. մարտի 11-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում:
Թերլեմեզյանները Մոկսից եկել և բնակություն էին հաստատել Վանի Այգեստան արվարձանում:
Փանոս Թերլեմեզյանը նախնական կրթությունը ստացել է տեղի տարրական դպրոցում: Աշակերտական նստարանից սկսել է նկարել և դպրոցում ձեռք է բերել նկարչի համբավ. երազել է նկարիչ դառնալ, պատկերել շրջապատի սիրած մարդկանց, հայրենի բնությունը, ազատ լինել իր բոլոր մտորումներում: 1881-86 թթ. կրթություն է ստացել Մկրտիչ Փորթուգալյանի հիմնած Վանի Կենտրոնական վարժարանում, որը եղել է ժամանակի բացառիկ դպրոցներից մեկը, ուր հավաքվել են մեծամասամբ Եվրոպայում ուսում առած, առաջադեմ հայացքներով տոգորված մանկավարժներ ու մտավորականներ: Դպրոցն ավարտելուց հետո Թերլեմեզյանը որոշ ժամանակ զբաղվել է ուսուցչությամբ՝ դասավանդելով աշխարհագրություն, գեղագրություն և գծագրություն:
Մկրտիչ Փորթուգալյանը 1884 թ․ իր 12 շրջանավարտներով հիմնում է «Գործակցական միություն» անունով մի կազմակերպություն, որը հիմնականում պիտի զբաղվեր մանկավարժական, հայրենասիրական-դաստիարակչական գործունեությամբ, սակայն այդ «Գործակցական միությունը» երիտասարդների ջանքերով դառնում է Արմենական կազմակերպության կորիզը, որին անդամագրվում է դեռ այն ժամանակ պատանի Փանոս Թերլեմեզյանը:
1895-1897 թթ. Թերլեմեզյանը սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայում: 1897 թ․ թուրքական իշխանությունների ջանքերով ձերբակալվել է և աքսորվել Ռևելի (Տալլին) բանտը, որտեղից վեց ամիս հետո, իբրև քաղաքական հանցագործի, տեղափոխել են Մետեխի բանտ, այնտեղից էլ աքսորվել է Պարսկաստան:
1899 թ. Թերլեմեզյանը նոր անձնագիր ստանալով՝ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և օժանդակությամբ մեկնում է Փարիզ, որտեղ ընդունվում է Ժյուլիան ակադեմիա, սովորում մինչև 1904 թ.՝ աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին:
Ակադեմիան ավարտելուց հետո պրոֆեսորները ջանում են նրան պահել Փարիզում, բայց Թերլեմեզյանը որոշում է վերադառնալ հայրենիք. նա չէր կարող ապրել առանց հայրենիքի, և հայրենիքն էլ սպասում էր իր զավակին:
Թերլեմեզյանը դրսևորում է բացառիկ ունակություններ՝ համատեղելով ստեղծագործական բեղուն գործունեությունը հանրային-քաղաքական գործունեության հետ: Թերլեմեզյանի խաղաղ կյանքի շրջանը թերևս ավարտվում է 1912 թ․, և անձնական կյանքի շրջանը իր տեղը զիջում է ավելի մեծ հարցերի ու խնդիրների: 1914 թ․ նա Պոլսից մեկնում է հայրենի Վան, որտեղ նկարում է իր հայտնի մի շարք բնանկարները:
Վանում Թերլեմեզյանը նվիրվում է իր ծննդավայրի ազգային ու քաղաքական կյանքին, իր ժողովրդի ազատագրության գործին: 1915 թ․ Թերլեմեզյանի վրձինին ու գրչին փոխարինելու է գալիս զենքն ու կռիվը:
«Հրաժարվեցի ուսուցչությունից և աշխատեցի լինել պրոֆեսիոնալ հեղափոխական, այսինքն՝ կազմակերպող, պրոպագանդիստ, գիտենալ ինչպես կայունացնել տատանվող տարրերը և գիտենալ ինչպես խուսափել ոստիկանությունից ու շեղել նրա հետապնդումները»,- գրում է Թերլեմեզյանը:
1915 թ. գարնանը սկսվում է Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, որը Թերլեմեզյանն արդարացիորեն անվանում է դյուցազնամարտ:
Վանի 1915 թ. ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվում է ժամանակավոր զինվորական շտաբ, որին անդամակցում է նաև Փանոս Թերլեմեզյանը: Հիմնական մարտերը տեղի են ունենում քաղաքի երկու հայաբնակ հատվածներում՝ Այգեստանում ու Քաղաքամեջում:
Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ: Թուրքական զորքը փախուստի է դիմում՝ քաղաք հասած ռազմական օգնության շնորհիվ:
Թերլեմեզյանի հուշերում նկարագրված Վանի ինքնապաշտպանության դրվագները բացառիկ ու սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում։ Դրանցում թեև ինքն իրեն ներկայացնում է իբրև ինքնապաշտպանական կռվի սովորական մասնակցի, մինչդեռ ժամանակակիցների վկայություններում և պատմական աղբյուրներում Թերլեմեզյանը ներկայանում է որպես հերոսամարտի ամենանշանավոր, խիզախ, հանդուգն ու հերոսական կազմակերպիչներից մեկը և առաջնակարգ նշանառու:
Հուշերից տեղեկանում ենք, թե ինչպես է Թերլեմեզյանին հաջողվում է մի քանի անգամ Վանից անցնել Պարսկաստան, զենք գնել ու տեղափոխել Վան և շրջակա գյուղերը։
Թերլեմեզյանի դիպուկ գնդակից է սպանվում Վանի հերոսամարտի դավաճան ոստիկանապետ Նուրին, ով շատ մոտ ծանոթություններ էր հաստատել հայ մտավորականների և առաջավոր գաղափարներով տարված երիտասարդների հետ, ովքեր բանտարկվեցին ու զոհ դարձան Նուրիի լրտեսության և դավաճանության շնորհիվ:
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. ապրիլի 30-ին՝ Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Նրա անվամբ է կոչվել Երևանի գեղարվեստի պետական քոլեջը:
Պատրաստեց Քրիստինե ՆԱՋԱՐՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում