Ո՞վ է Փրկիչը
Նմանատիպ
Քրիստոսին անվանում ենք Փրկիչ և ջանում նմանվել Նրան՝ փորձելով քայլել այն ճանապարհով, որով անցել է Տերը: Սակայն մեր՝ քրիստոնյաներիս Փրկիչը տարբեր է «փրկիչների» այն կերպարից, որ մեր օրերոմ ներկայացվում է դրական լույսի ներքո: Այդ մերօրյա «փրկիչները» կարևորում են իրենց անձերը, մինչդեռ Քրիստոս խոնարհեցնում էր իր անձը` ծառայելով ամենքին: Նա անգամ հանուն մարդկության փրկության զոհեց իր կյանքը և խաչվեց՝ դառնալով մյուսներիս համար փրկության օղակ:
Ո՞րն է մերօրյա «փրկիչների» նպատակը և առաքելությունը, որ առիթ է դառնում նրանց այսչափ հպարտության: Մերօրյա «փրկիչները» գալիս են իշխանության ետևից, սակայն նրանցից ոչ ոք պատրաստ չէ զոհողության, այլ ձգտում է միայն սեփական անձի մեծարման: Միանշանակ սխալ է Քրիստոսից բացի այլ փրկիչ փնտրելը կամ այլ մեկին փրկիչ անվանելը, քանզի, ինչպես գիտենք, առանց Քրիստոսի չկա փրկություն, իսկ մեր ժամանակների «փրկիչները» գալիս են՝ լոկ սեփական փրկությունը գտնելու, բայց ոչ իրենցից բացի՝ գոնե մեկ մարդու փրկելու, օգնելու:
Մատթեոսի Ավետարանում տեղ գտած կորուսյալ ոչխարի մասին առակը ճշգրտորեն ներկայացնում է մեր Փրկչի առաքելությունը. «Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լեռան վրա չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի վրա, որ մոլորված չեն: Այսպես՝ իմ Երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի» (Մատթեոս 18:12-14):
Քրիստոս Փրկիչն է յուրաքանչյուրիս: Այո՛, շատերս ենք մեր կյանքի ընթացքում սխալվել և մեր սխալներով հեռացել Աստծուց, փնտրել փրկություն՝ առանց Փրկչի ներկայության մեր կյանքում: Եվ միայն հետո ենք զգացել ու հասկացել, որ չկա փրկություն, երբ քո մեջ չկա հավատն առ Աստված և Փրկչին փնտրելու անկեղծ ցանկություն:
Եվ պետք է վստահ լինենք, որ ինչպես մենք ենք փնտրում Նրան, այնպես էլ Նա է փնտրում իր մոլորյալ զավակներին, ինչպես Ավետարանիչն է վկայում: Ուրեմն՝ փորձենք ամրացնել մեր հավատն առ Քրիստոս, որպեսզի այլևս չմոլորվենք՝ «փրկիչներ» փնտրելով:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում