Հողը հայելի
18/01/2021 21:30
Նմանատիպ
Ձեզ հող թվացող այս հողը համայն
Կարծես ինձ համար
Դարձել է հիմա
Ամալգամից զուրկ – նո՛ր մի հայելի,
Որին նայելիս
Տեսնում եմ այնտեղ
Գլխիվայր շրջված – շուռ եկած անտառ –
Եվ ամեն մի ծառ
Մի ծառ չէ կարծես,
Այլ ծառ է երկո՜ւ.
Ծառ կոչված մի գունդ հողին է բազմած,
Իսկ արմատների կազմած այլ մի գունդ՝
Հողի մեջ սուզված –
Նույնքա՛ն ճյուղավոր,
Որքան ճյուղ ունի նույն ինքը ծառը…
Ու պարզ է թվում ամեն ինչ հիմա:
Մի՛ հարց է, որ դեռ պարզ չէ ինձ համար.
– Այս արմատնե՞րն են
Խոտ ու ծառերի անդրադարձումը,
Թե՞ արմատների անդրադարձումն են
Խոտ ու ծառերը…
Պարույր ՍԵՎԱԿ
01.V.1959թ.
Մոսկվա