Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Թատերական գործիչների միությունից։
Կյանքից 68 տարեկանում հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում