Արտահերթ ընտրություններ չեն լինի. Փաշինյան

Արտահերթ ընտրություններ չեն լինի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmeniasputnikՀայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իշխանության մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Այս մասին այսօր Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին «Իմ քայլի» վերջին հայտարարությանը վերաբերող հարցին:

«Ի սկզբանե ասել ենք, որ այդ հարցի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Եվ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը: Մենք ասել ենք, որ, հաշվի առնելով այս հանգամանքը, շարունակում ենք նույն կերպ առաջնորդվել դեկտեմբերի 18-ին հրապարակված ճանապարհայիին քարտեզով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզի արդյունքների հիման վրա էլ կկայացվեն որոշումներ արդեն հետագա անելիքների վերաբերյալ:

Նա նաև շեշտեց, որ որոշումը կայացվել է «Իմ քայլը» խմբակցության հետ համատեղ քննարկման արդյունքում՝ առկա իրավիճակը վերլուծելուց հետո:

«Մենք արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես հնարավոր հանգուցալուծում: Բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքը առաջարկում էին օգտագործել որպես էսկալացիա և ապակայունացնող գործոն»,– ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում մերթ ընդ մերթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայերնիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի՝ Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա նոր միայն՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Գործող իշխանությունը մինչ վերջերս դեմ չէր արտահերթի գաղափարին, բայց առանց վարչապետի հրաժարական տալու։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում