Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան

Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան

Ընդդիմությունը քայլերթով հասավ ԱԺ-ի շենքի հարակից տարածք, որտեղ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին։ Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրավիճակի հանգուցալուծման շուրջ քաղաքական ուժերի հետ պատրաստ է կոնսուլտացիաներ սկսելուն։ «Մենք սուր քննադատողներ չենք, մենք իրեն ընդունում ենք որպես մեր հայրենիքը դավաճանած, իրեն ընդունում ենք որպես հազարամյակի թշնամի»,- նշեց Մանուկյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հետ մի բան ունեն միայն քննարկելու՝ վարչապետի դուրս գալը իշխանությունից։ Նա կոչ արեց Բաղրամյան պողոտան երկու կողմերից փակել և իրենց շտաբը տեղափոխել փողոց։ «Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք, խիզախ, տոկուն, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ իրենք քվեարկեն, նրան հանեն»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ ամբողջ գիշեր մնալու են և հերթապահություն իրականացնեն փողոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում