Պահքի խորհուրդը

Պահքի խորհուրդը

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6.16-18):

Ավետարանում մեկ անգամ չէ, որ խոսվում է բարի գործերի ծածուկ կատարման կարևորության մասին: Ինչպես օրինակ, երբ Տերը խոսում է ողորմության մասին, այնժամ նույնպես կոչ է անում, որ ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ բարի գործ կատարեց: Հոգևոր կյանքում ձևապաշտությունը ոչ այնքան չարամտություն է, այլ քրիստոնեության ճշմարիտ ընկալման բացակայություն:

Ովքեր պահեցողությունը կատարում են ցուցադրաբար, ապա նրանց համար կարևոր է ոչ թե պահքի հոգևոր խորհուրդն, այլ շրջապատի աչքում իբրև բարոյական և առաքինի անձնավորություն երևալու հանգամանքը: Մինչդեռ պահքի հիմքում ընկած է հավատքը և սերն առ Աստված, ինչպես նաև մեղքերը քավելու հոգևոր պահանջը:

Քրիստոնյաների մի մասը կարևորում է հոգևոր պահքը, ոմանք էլ̀ սննդի: Սակայն պետք է իմանալ, որ թե մեկը, և թե մյուսը սխալ և սահմանափակ մոտեցում է հարցին, և պահքի ամբողջ խորհուրդը կայանում է և՛ հոգևոր, և՛ սննդային պահեցողության մեջ:

Սա այսպես է, քանի որ մարդն ի ծնե ունի երկկազմ բնություն: Եվ մարդու մարմինն ու հոգին ամենևին միմյանց հակադիր երևույթներ չէն, այլ՝ ընդհակառակը հանդիսանում են միմյանց գոյությունն ապահովող միջոցը, քանզի մարդու հոգևոր սկիզբը անմիջականորեն համադրված է ֆիզիկականի հետ:

Այսպիսով մարմինն առանց հոգու կենդանություն ունենալ չի կարող, իսկ հոգին առանց մարմնի չի կարող կատարել որևէ գործողություն: Ուրեմն մարդկային մարմինն ու հոգին անխզելիորեն ներդաշնակված են մեկմեկու և մարդկային կեցությունն ապահովում են երկուստեք՝ համատեղ գործողության արդյունքում:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում