Գեղարքունիքի մարզպետը զվարճանքների մեջ է, իսկ թուրքերը շարունակում են մնալ նրա ղեկավարած մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Հուլիսի 5-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկոն անցկացրել է զվարճանքներով։ Սանոսյանը Ձորաղբյուրում` «Picnic Garden» այգում մասնակցել է Արսեն և Արթուր Սաֆարյանների համերգին։ Այս մասին գրում է AntiFake.am-ը:
Ձորաղբյուրում նմանատիպ համերգ-հանդիպումները պարբերական բնույթ են կրում, մարդիկ հավաքվում են ու զվարճանում, համերգներն ուղեկցվում են կենդանի կատարումներով ու պարերով, ժամանցային ծրագրերով, ինչպես երեկվա համերգի պարագայում էր։
«Փաստորեն պատերազմում հազարավոր զոհերով պարտությունից 8 ամիս անց իշխանության ներկայացուցիչները զվարճանքների մասնակցելու սիրտ ու ցանկություն ունեն։ Սակայն իրավիճակին ավելի թեթև նայելու հնարավորություն կունենայինք, եթե խոսքը չվերաբերվեր հենց Գեղարքունիքի մարզպետին։ Բանն այն է, որ շուրջ երկու ամիս է` ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը` հատելով պետական սահմանը, մասնավորապես` Սյունիքում ու Գեղարքունիքում։ Ադրբեջանական զինված ուժերը հրաժարվում են լքել ՀՀ ինքնիշխան տարածքը, մի բան էլ սպառնում են հայ զինծառայողներին, գերեվարում նրանց։ Սա էլ դեռ ամենը չէ, կենսական վտանգի տակ են երկու մարզերի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, քանի որ ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակում է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, զրկում անասնագոմերը, արոտավայրներն օգտագործելու հնարավորությունից, սպառնում հովիվներին, կրակում նրանց ուղղությամբ, գողանում անասուններին (կարդալ ՄԻՊ-ի հայտարարությունները):
Ադրբեջանական զինծառայողների և սահմանամերձ բնակիչների միջև միջադեպեր տեղի են ունենում գրեթե ամեն օր. հենց այսօր (երեկ) Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդոտել են ցորենի հավաքը: Իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել, ինչի արդյունքում հայկական կողմն ունի մեկ վիրավորում ստացած զինծառայող։
Իրադարձությունները տեղի են ունեցել Սանոսյանի երեկոյան զվարճանքների հաջորդ օրը։ Թե ինչ պետք է անի թշնամու կողմից անմիջական ու իրական սպառնալիքի ներքո գտնվող ու անվտանգային խնդիր ունեցող մարզի ղեկավարը օր ու գիշեր, ամեն ժամ ու րոպե, հասկանալի է բանական յուրաքանչյուր անձի համար։ Հաստատ՝ ոչ զվարճանք ու մարզից դուրս համերգներ»,-գրում է լրատվամիջոցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում