Կարող են նաև Արցախի անունն օգտագործելը արգելել

Կարող են նաև Արցախի անունն օգտագործելը արգելել

Իշխանական ֆրակցիան նախօրեին տապալեց Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը։ Հարցի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հերթով խոսում էին այն մասին, թե որքան են կարևորում Արցախի խնդիրներով լուրջ զբաղվելու անհրաժեշտությունը, որքան են իրենք հոգում Արցախի մասին և այլն, և այլն… Բայց մշտական հանձնաժողով ստեղծելու կարիք նրանք չտեսան։ Պետք չէր։ Եվ սա շատ սպասելի էր. այդ մարդիկ փաստացի Արցախից են հրաժարվել, հանձնաժողովն ի՞նչ է, որ չհրաժարվեն։

Ընդհանրապես պետք է նշել, որ Փաշինյան Նիկոլն ու խորհրդարան անցած նրա նազիր-վեզիրները բավական անկեղծ են Արցախի հարցում իրենց ցանկությունների ու մտադրությունների մեջ։ Եթե նկատել եք, 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում իշխանականներին միայն երկու բան է հետաքրքրում՝ որպեսզի ոչ ոք իրենց հանկարծ չվիրավորի (օրինակ, չասեն դավաճան, կապիտուլյանտ, անբարոյականի վաստակ և այլն) և երկրորդ, որ 44-օրյա պատերազմի թեման փակվի-գնա։

Հետևաբար պարզ է նաև, թե ինչու են նրանք մերժում Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Այսպես թե շարունակվի, կարող են նաև Արցախի անունն օգտագործելը արգելել… Պապապանձնվեցի՝ հանկարծ միտք տված չլինեմ կապիտուլյանտներին։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում