Կարմիր բերետավորները բերման ենթարկվածին ծեծել են, աչքը կապտացրել. տեսանյութ

Կարմիր բերետավորները բերման ենթարկվածին ծեծել են, աչքը կապտացրել. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Արդեն, կարծես, օրինաչափություն է դառնում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի գործադրումը։ Ընդ որում՝ խոսքը չի գնում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մասին։ Վերջին երկու շաբաթում երկրորդ դեպքն է, երբ կարմիր բերետավորները բռնի ուժ են կիրառել բնակիչների, այդ թվում նաև երեխաների հանդեպ:

Հոկտեմբերի 20-ին Հունան Ավետիսյան 5 հասցեում հավաքվել էին տասնյակից ավել ոստիկաններ ու քաղաքապետարանի աշխատակիցներ։ Եկել էին առանց ծանուցման՝ ապամոնտաժելու 2 ավտոտնակները, որոնք կառուցվել էին աղբանոցի վերածված տարածքում: Չնայած քաղաքացիների պնդմանը՝ քանդելու մասին որոշումն այդպես էլ չի ներկայացվել։ Ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել ու ինչպես բնակիչներն են ասում՝ հրահրել են հրմշտոց, ինչի հետևանքով բնակիչներից ոմանք բերման են ենթարկվել։

Ավտոտնակներից մեկը պատկանում էր Աիդա Գալստյանին։ «Փաստինֆո»-ին պատմել է, որ դեպքի օրն այդպես էլ գրավոր թուղթ իրենց չեն ներկայացրել։

«Պեչատ չկար, Հայկ Մարությանի ստորագրությունը չի եղել։ Բիրտ ձևով լցվեցին այստեղ, եկան բերետավորները՝ ոնց որ մտնեին հանցագործների տարածք։ Կանանց դիտարկում էին որպես հանցագործ։ Քարշ էին տալիս պոլերին, երեխեքին թափ տալիս։ Կանանցից մեկի ամուսնուն են ծեծել։ Կինը ուշագնաց էր եղել, ասում էին քշի տար։ Հասան նրան, որ բիրտ գործողությունը անեն»։

Ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները տարածք էին ժամանել 16։00-ի սահմաններում, բայց շինությունը քանդել՝ 21։00-ին։ Մեկ այլ բնակիչ՝ Ռաֆայելը, սովորականի նման տուն է ժամանել ու նկատել 7 տասնյակ ոստիկաններին, ճանապարհին մեքենաներով լի բերետավորներին։ Ավտոտնակների վրա ահռելի գումար էին ծախսել բնակիչները, խնդրել են թույլ տալ ինքնուրույն ապամոնտաժել՝ գույքը չփչացնելու համար։ Ռաֆայելը պնդել է, թե տանիքից չի իջնի, որպեսզի գոնե դարպասները հասցնեն հեռացնել, իսկ քաշքշուկը սկսվել է, երբ ոստիկանները անչափահասին փորձել են բերման ենթարկել ։

«Երեխաները տանիքի վրա էին, քաշելով իջեցրել են, ես մնացի վերևը ու ասացի չեմ իջնում, որ հասցնեն գոնե դարպասները հանեն։ Իբր 70 հոգին քիչ էին, ավելի շատ են եկել, մենք չենք դիմադրել։ Քաշքշուկը սկսվեց, երբ խոշորամարմին 14 տարեկան երեխուն բարձրացրեցին, որ էն կողմ տանեն, ասացինք երեխայա, ուզում էին տանեին բաժին։ Երբ մենք ասացինք անչափահաս է, սկսեց քաշքշուկը։ Հարվածներ հասցնելով տանում էին։ Մենք ունեինք իրավաբաններ։ Մեր փաստաբանին հարվածներ հասցնելով ուզում էին տանեին, երբ ասացինք փաստաբանն է, իրեն բաց թողեցին։ Տղամարդկանցից մեկին բերման ենթարկելուց հետո՝ մեքենայի մեջ, հարվածել էին, աչքը կապտած էր»,- պատմել է Ռաֆայելը։

Միայն 600.000 դրամ արժեր ավտոտնակի դարպասը։

Ավտոտնակներից երկուսը արդեն քանդված է, տարածքը վերածվել է աղբանոցի։ Շենքի բնակիչներն են հավաքելու ավերակները՝ երեխաների անվտանգության համար։ Չնայած, որ ավտոտնակն արդեն հողին է հավասարեցվել, միևնույն է շարունակելու են խնդրից այնքան խոսել՝ մինչև քաղաքապետը ուշադրություն դարձնի, թե ինչպես են կարմիր բերետավորները իրականացնում ապամոնտաժման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում