ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Երեկ միջադեպ է արձանագրվել Աբովյան խոշորացված համայնքի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում, երբ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը մի քանի անդամների հետ ներխուժել են վերահաշվարկի վայր և դիմել սադրանքի՝ հնչեցնելով սպառնալիքներ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների հասցեին, փորձելով ճնշում գործադրել վերջիններիս նկատմամբ, հայտնում է Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբի ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը:
«Կոչ ենք անում տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին չտրվել սադրանքի և շարունակել իրականացնել անաչառ վերահաշվարկ՝ օրենքին համապատասխան: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ մեր շտաբը պահանջատեր է լինելու նույնիսկ մեկ ՀՀ քաղաքացու ձայնի համար, որպեսզի նրա իրավունքը ամբողջությամբ իրացվի և իրական հաղթանակը արձանագրվի», – ասված է հաղորդագրության մեջ։