Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. Ոստիկանություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում փաստի հետ կապված:
Նշենք, որ առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժեցին համայնքապետարանի շենք եւ նրանց ու ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում