ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է ուսումնասիրության «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդես է եկել պարզաբանմամբ բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ։
«Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ:
Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն՝ առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է:Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:
Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները», – նշված է պարզաբանման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում