«Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: «Զորքերի ներկա դասավորության պարագայում ինձ համար անհասկանալի է,հայելային հետքաշման դեպքում մեր զորքը էլ ո՞ւր է հետ քաշվելու, բոլոր հնարավոր և անհնարին հետքաշումները մեր սահմանից արված է: Ի՞նչ կապ ունի` բնակեցված տարածքի՞ց ենք հետ քաշվելու, թե՝ ոչ, մեր հողն ու սուվերեն տարածքն է, դա ՀՀ կենսական տարածքն է, որ մեզ են ժառանգել մեր պապերը, մենք էլ մեր սերունդներին պիտի ժառանգենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը:
«Վերջին տարիների իրողությունները և տխուր փորձը լավատեսություն չեն ներշնչում հայելային հետքաշման գործընթացի նկատմամբ: Հարևանների հետ պետք է երկխոսել, բայց հիմա մեր հարաբերություններն ավելի շատ նման են վասալային փոխհարաբերության, պարտվող, հարմարվող և կրավորական դիրքից ենք մենք շփվում»,- ավելացրեց պատգամավորը:
Խոսելով պատերազմից հետո տարածքների կորստի մասին՝ Զաքարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր և համախոհների հիմնական անհամաձայնությունը եղել է զորքերի հետքաշման հրամանի վերաբերյալ։
«Ողբերգություն է, հանգիստ տոնով ասում են, որ 45 ք/կմ հետ ենք քաշվել: Ոնց որ վատ երազ լինի, ապրում ենք մի պետությունում, որի սահմանային պաշտպանությունը վեր է ածվում բազարի՝ տեղի համայնքապետերի, ժողովրդի միջև, գիտակցությունս հրաժարվում է այդ իրողությունը հասկանալ: Սահմանի պաշտպանությունը պետության ֆունկցիան է , չպետք է «դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով արվի, նման մոտեցման դեպքում հաջողության չենք հասնի»,-հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում