Որոշ գիշերային ակումբներում ապօրինաբար աշխատել են օտարերկրյա քաղաքացիներ․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, Times․am: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը քրեական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում և սահմանային անցակետերում անցկացվեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված՝ «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը:
Արդյունքում՝ հայտնաբերվել, ապա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ յոթ երկրի 36 քաղաքացի։ Այդ փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ստուգայցերի արդյունքում պարզվել է նաև, որ առանց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերի, տևական ժամանակ Երևանում, Արմավիրում և Կոտայքում գործող գիշերային ակումբներում, գյուղմթերքի արտադրամասում և հասարակական սննդի օբյեկտում աշխատում են օտարերկրյա 18 քաղաքացի։ Այդ դեպքերով նույնպես կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Միջոցառման ընթացքում բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու՝ 1, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 3 դեպք։ Հայտնաբերվել և առգրավվել են 7 գրամից ավելի կոկաին, 93 գրամից ավելի մեթամֆետամին և 5 գրամից ավելի մարիխուանա։
Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 33 անձ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում