Հետպատերազմյան Հարավային Կովկաս։ Եվրոպական ուղեղային կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները

Հետպատերազմյան Հարավային Կովկաս։ Եվրոպական ուղեղային կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները

44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի ուժերի հավասարակշռությունն ու աշխարհաքաղաքականությունը։ Ներկայումս մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները գտնվում են ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում։ Ավելին, տարածաշրջանը վերածվել է նրանց մրցակցության վայրի, ինչի հետևանքով անընդհատ նոր ռիսկեր են առաջանում հայկական երկու պետությունների համար։

Այս ամենի լույսի ներքո հատկապես մեծ անհանգստություն է առաջացնում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, այս հարցում հիմա միջնորդող երեք կողմ կան՝ Ռուսաստանը, Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ն։

Ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել աշխարհաքաղաքական երեք այս կենտրոններից յուրաքանչյուրը մեր տարածաշրջանում։ Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն օրերս այցելել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունեցել եվրոպական առաջատար ուղեղային կենտրոնների՝ CEPS-ի, EPC-ի, Carnegie Europe-ի և այլ փորձագետների հետ։

Հետազոտության արդյունքները Մելիք-Շահնազարյանը ներկայացրել է «Հետպատերազմյան Հարավային Կովկաս։ Եվրոպական ուղեղային կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները» հոդվածով, որը հասանելի է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի բաժանորդներին։

Times.am-ը մեջբերում է հրապարակված ուսումնասիրության որոշ հատվածներ.

«Եվրոպայում դրական են գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցային, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Այնտեղ վստահ են, որ որքան արագ լուծվեն այդ խնդիրները, այնքան ավելի շուտ տարածաշրջանը կթևակոխի համագործակցության և տնտեսական զարգացման ժամանակաշրջան։ Հենց այս խնդիրն են նրանք դիտարկում որպես մեր տարածաշրջանի արդի քաղաքականության ամենակարևոր գործընթաց։ Ընդ որում, շեշտում են, որ որպես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերջնաարդյունք, ի թվիս այլ հարցերի, նրանք տեսնում են մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազումն ու Հարավային Կովկասի՝ Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի հաստատումը»։

«Իմ այն հարցադրմանը, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը հակամարտության շուտափույթ հաղթահարման արդյունքում, նշվում է, որ խաղաղություն ու տնտեսական զարգացում։ Արցախի հետ կապված որևէ ակնկալիք, ըստ զրուցակիցներիս, հայկական կողմը չի կարող ունենալ։ Նրանք նշում են, որ նախկինում Հայաստանը ունեցել է արցախյան հարցն իր համար ավելի շահեկան ձևով լուծելու հնարավորություններ, սակայն հիմա դա այլևս անհնար է»։

«Եվրոպայում աշխատող փորձագետներն ընդգծում են, որ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ արտաքին քաղաքականության մեջ մեծացել է Ուկրաինայում սկիզբ առած պատերազմի հետևանքով։ Նրանք նշում են, որ եկել է Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր տարածաշրջաններում մրցակցելու և ամեն տեղ Ռուսաստանին հարվածներ հասցնելու ժամանակը։ Փորձագետները համոզված են, որ եթե հանկարծ Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակ տոնի (այս սցենարը, ի դեպ, նրանք շատ վստահ բացառում են), ապա հաջորդիվ Կրեմլը կհարձակվի մեկ այլ երկրի վրա և ամբողջությամբ կկազմաքանդի ձևավորված աշխարհակարգն ու գոյություն ունեցող անվտանգային մեխանիզմները։ Ըստ նրանց, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից հետո լիովին անիմաստ են դառնում Հարավային Կովկասի ապագայի մասին բոլոր դատողությունները, քանի որ այդ ժամանակ ամեն բան որոշողը հենց Ռուսաստանը կլինի»։

Նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար առաջարկում ենք բաժանորդագրվել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի Patreon էջին, որտեղ կարող եք գտնել նաև այլ հետաքրիր և կարևոր վերլուծություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում