Լույս է տեսել Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը

Լույս է տեսել Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը

Երևանում տեղի է ունեցել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ շուրջ 20 տարվա ուսումնասիրությունների արգասիք՝ «Արցախի մանրատեղանունները» եզակի աշխատության շնորհանդեսը: Սա իր տեսակի մեջ եզակի աշխատություն է, որում Սամվել Կարապետյանը ներակայացրել է վիմագիր արձանագրություններում, միջնադարյան գրավոր աղբյուրներում, գրականության մեջ ներառված մանրատեղանունները։

Գիրքը լույս է տեսել Բեկոր և Մարիլու Փափազյանների հովանավորության ներքո ճիշտ այն տեսքով, ինչպես դա ժամանակին պատկերացնում էր Սամվել Կարապետյանը։

«Երբ Սամվելն աշխատում էր Քոլատակ գյուղի մոտ գտնվող «Կոշիկ» անապատում, այնտեղ եկեղեցուն նվիրատվական արձանագրություններից մեկում ընթերցում է ձկնավազ բառը, որից հետո հարցնում է գյուղացիներին, որոնք անմիջապես արձագանքում են` ասելով, որ սա մեր ծկնավազն է, և պարզվում է, որ այդ անունը կրող տեղամասը գնվում է շուրջ 5 ու կես կմ հյուսիս-արևելք՝ Թբլղուր գյուղի մերձակայքում, և հենց այդ ժամանակվանից սկսած Սամվելն իր առաջ նպատակ է դնում հավաքագրել մանրատեղանունները, ճշգրիտ տեղորոշել և մոռացությունից փրկել։ Նա միշտ օրինակ էր բերում Արևմտյան Հայաստանի մեր կորցրած տեղանունները, և ասում էր,որ պետք է մենք կարողանանք փրկել մեր մանրատեղանունները՝ դրանք ճշգրիտ տեղորոշելով»,- խոսելով նման աշխատություն իրականացնելու Սամվել Կարապետյանի շարժառիթների մասին՝ ասել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Էմմա Աբրահամյանը։

Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ շատ կցականար, որպեսզի մեր ազգագրագետներն ու բանասերները լծվեին մանրատեղանունների հավաքագրման և քարտեզագրման գործին

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը ծնվել է 1961թ. հուլիսի 30-ին։ 1975թ․ թվականից ի վեր ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում էր հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի տարածքի, այլ նաև արտերկրում գտնվող հայկական հուշարձանները: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ։

Մեծանուն գիտնականը կյանքին հրաժեշտ է տվել 2020թ. փետրվարի 27-ին։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում