ՏԿՆ-ում քննարկվել են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր
Նմանատիպ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել’ գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղություններին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվելիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր: «Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձեւավորմանը»,- նշել է Արմեն Գեւորգյանը’ բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Արմեն Գեւորգյանը գոհունակություն է հայտնել, որ (KfW)-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման համակարգում իրականացված աշխատանքների եւ ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման հարցերում: Նա նաեւ արդյունավետ է համարել (GIZ)-ի աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» եւ «Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում» ծրագրերը:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար շարունակում են առաջնահերթ մնալ համագործակցության նախանշված ուղղությունները: Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները եւս գոհունակություն են հայտնել ծրագրերի ընթացքից եւ շնորհակալություն հայտնել ծրագրերի իրականացման նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում