Իլհամ Ալիեւը իր էմիսարին շտապ ուղարկել է Վաշինգտոն
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը շտապ մեկնել է Վաշինգտոն եւ սեպտեմբերի 18-ին հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բերնսի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ում այդ բանակցությունների մասին ԶԼՄ-ներին տեղեկություն չի տրվել: Կողմերը չեն մեկնաբանում Մամեդովի այցն ու նրա ԱՄՆ մեկնելու նպատակը:
«Ենթադրվում է, որ Նովրուզ Մամեդովը ԱՄՆ է ուղարկվել ինչ-որ կոնկրետ առաքելությամբ: Այցն ընթանում է երկկողմանի հարաբերություններում ստեղծված որոշակի բարդությունների ֆոնին: Սեպտեմբերի առաջին տասնօրյակում պաշտոնական Բաքուն, ըստ էության, հրաժարվել էր ընդունել ԱՄՆ պետքարտուղարի դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիային, ով ավելի վաղ խստորեն քննադատել էր Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները», -գրում է «Թուրան»-ը:
Մյուս կողմից, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության տարածաշարջանային ներկայացուցիչները «զբաղված լինելու» պատրվակով հրաժարվել են հանդիպել ԱՄՆ դեսպանի տեղակալ Դերեկ Հոգանի հետ: Թոմաս Մելիայի այցի խափանումը եւ Նախիջեւան այցելած ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների’ իշխող կուսակցության գործիչների կողմից արհամարհումը կարելի է գնահատել նաեւ որպես նախագահական ընտրությունների նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման հարցում Ադրբեջանի իշխանությունների դժգոհության արտահայտություն:
Նովրուզ Մամեդովն այսօր Վաշինգտոնից կուղեւորվի Անկարա, որտեղ կմասնակցի ծիծաղելի վերնագրով’ «Հարավային Կովկասի ծագող արեւը. Ադրբեջանը Իլհամ Ալիեւի ժամանակաշրջանում» գրքի շնորհանդեսին, ինչպես նաեւ մի շարք պաշտոնական բանակցություններ կանցկացնի թուրքական իշխանությունների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում