Ադրբեջանցիները կոչ են անում ծեծել Երևանում զվարճացած ադրբեջանցի գործչին (տեսանյութ)
Նմանատիպ
Երևանում Ադրբեջանի Եվրոպական շարժում կազմակերպության ղեկավար Ռամին Հաջիլիի’ հայկական երաժշտության տակ հայերի հետ պարելու մասին տարածված տեսանյութն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: Բաքվում կոչեր են հնչել ծեծի ենթարկել համաժողովի շրջանակում Երեւանի ռեստորաններից մեկում պարած ղեկավարին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Թերթը նշում է, որ moderator.az լրատվական կայքին տված հարցազրույցում իր անհավասարակշիռ արտահայտութհուններով հայտնի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը դատապարտել է Ռամին Հաջիլիի գործողությունները Երեւանում: «Նա կոնյակ է խմել եւ զվարճացել Երևանում: Դա չի կարելի անպատիժ թողնել: Իրավապահ մարմինները պետք է հետաքննեն այդ միջադեպը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ես անձամբ կդիմեմ իմ կուսակցության երիտասարդական թեւին եւ կհանձնարարեմ մի լավ քոթակեն նրան»,- հայտարարել է Հաջիեւը:
Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Հաֆիզ Հաջիեւը ավելի վաղ 10 հազար եվրո էր խոստացել այն մարդուն, ով կկտրեր Բաքվի, Սումգայիթի եւ Ագուլիսի հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը: Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների շրջանակում հեռուստատեսային բանավեճի ժամանակ Հաջիեւը ջրով լի շիշը նետել էր ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլըի վրա եւ անպատվել նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում