Հայոց ցեղասպանությունը ժխտելու թուրքական յուրաքանչյուր փորձ հենց իրենց դեմ է շրջվում. Armenian Mirror-Spectator

Ավստրալիայում թուրքական ժխտողականությունը հակադարձվում է Դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, և թուրքական կառավարության յուրաքանչյուր փորձ հենց իրենց դեմ է շրջվում: Այս մասին գրում է Էդմոնդ Ազատյանը ԱՄՆ-ում լույս տեսնող «Armenian Mirror-Spectator» շաբաթեթում հրապարակված իր հոդվածում: Թուրքիան արդեն նախապատրաստություններ է տեսնում 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հայերի ձայները «խեղդելու» համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջին քայլը’ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավստրալացի խորհրդարանականներին արգելելն էր մասնակցել Գալիպոլիի միջոցառմանը, բացի դրանից’ նաև թուրք-ավստրալական հարաբերությունների վատացման սպառնալիքները: Դա, ըստ հեղինակի, զայրացրել է ավստրալացիներին:

Ազատյանի կարծիքով’ նախանշվում է Գալիպոլիի երկրորդ ճակատամարտը. «Կազմվում են Գալիպոլիի երկրորդ ճակատամարտի շարքերը: Առաջին ճակատարամարտում մարտը հաղթելու համար (1915 թ. ապրիլի 25) Թուրքիան իր տրամադրության տակ ուներ Օտտո վան Սանդրեսին և գերմանական ռազմանավեր: Երկրորդում, սակայն, ճշմարտությունը նրանց կողմից չէ»:

Դավութօղլուի երկրորդ քայլը’ ցեղասպանությունը հերքող ամերիկացի պատմաբան Ջասթին ՄքՔարթնիի այցն էր Ավստրալիա’ ավստրալացիներին հայ-թուրքական պատմական հարաբերությունների մասին «կրթելու» նպատակով: Շատ պատմաբաններ տխրահռչակ պատմաբանին համեմատում են Հոլոքոստը հերքող բրիտանացի Դևիդ Այռվինգի հետ:

Թուրքիան սպառնացել է վատացնել հարաբերությունները Ավստրալիայի հետ:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի շնորհիվ նախ Մելբուռնի համալասարանը և Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահը չեղյալ են հայտարարել Հայոց ցեղասպանությունը հերքող պրոֆեսորի միջոցառումները՝ վերջինիս ժխտողական հայացքների համար, ապա ձախողվել է նաև վերջինիս ելույթը խորհրդարանում:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Քեմիլ Չիչեկն Ավստրալիայից պահանջել էր քաղաքական նկատառումներից ելնելով չեղյալ համարել բանաձևը: Բայց ավստրալացի խորհրդականները քաջատեղյակ են, թե ինչ կշիռ ունեն թուրքական սպառնալիքները. Անկարան նախկինում սպառնացել էր Ֆրանսիայի ու Շվեյցարիային, ապա կրկին վերադրաձել բիզնեսավարման սովորական ընթացքին:

Նոր Հարավային Ուելս նահանգի Վոլոնգոնգ համալսարանի հոգեբույժ և պատմաբան Ռոբերտ Կապլանն այս կապակցությամբ «Australian» թերթի բլոգում հայտարարել էր. «Ավստրալիայում հանդուրժող են խոսքի ազատության նկատմամբ, իսկ թուրքական ճնշումները միայն ավելի կմերձնեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության պաշտոնական ճանաչումը դաշնության մակարդակով: Հուսանք’ դա տեղի կունենա մինչև Գալիպոլիի հարյուրամյակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում