Հայաստանում առցանց ԶԼՄ-ների մեծ մասը կախված է Ֆեյսբուքից. Սամվել Մարտիրոսյան
Նմանատիպ
Վերջին մեկ տարում տեղեկատվական դաշտն ամբողջ աշխարհում գլոբալ փոփոխություն է ունեցել, ինչը պայմանավոված է նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներով: Նոյեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում այս գնահատականը տվեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Սնոուդենը, ինչպես պարզվեց, 200 հազար գաղտնի փաստաթուղթ է ունեցել իր ձեռքի տակ, ինչն արդեն թույլ է տալիս խոսել տեղեկատվության վստահության ճգնաժամի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով’ որքան էլ այսօր խոսվի տեղեկատվության անվտանգության միջոցառումների անհրաժեշտության, հակավիրուսային ծրագրերի օգտագործման մասին, իրականությունը ավելի դաժան է, քան շատերը պարկերացնում են:
«Ինչ էլ անեք, ձեզ կարդալու են, որքան էլ պաշտպանեք ֆեյսբուքյան պրոֆիլը, կգտնվի մի մարդ, ով կկարդա ձեր նամակագրությունները’ շրջանցելով հակավիրուսային ծրագրերը»,- պարզաբանեց մասնագետը’ հավելելով, որ դեռ բավականաչափ ժամանակ է պետք իրականությունը հասնակալու և վիրտուալ տիրույթում կատարվող իրադարձությունները «մարսելու» համար:
Մարտիրոսյանը նշեց, որ այլ երկրների համեմատ, օրինակ Գերմանիայի, որտեղ գաղտնազերծվել էր կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսահամարը, մեր երկրում իրավիճակն անվտանգության տեսանկյունից ավելի թեթև է: Պատճառը, նրա գնահատմամբ այն, է որ մեզ մոտ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում նման խնդիրների վրա, և հանրային լայն ուշադրությունը գրավում է միայն հակառակորդի’ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կատարվող ներխուժումները:
«Սոցիալական ցանցերը կլանեցին մեդիադաշտը: Այսօր այն կախյալ վիճակում է գտնվում «Ֆեյսբուքից»: Եթե երեք օրով սոցիալական այդ ցանցն անջատվի, ապա տեղեկատվական կայքերի մեծ մասը լուրջ ճգնաժամի առաջ կկանգնի»,- վստահեցրեց բանախոսը:
Նա նշեց, որ ֆեյսբուքյան հայ օգտատերերը հաճախ այս կամ այն առցանց ԶԼՄ-ն ընթերցում են հենց «Ֆեյսբուք»-ում և հավելյալ ժամանակ չեն ծախսում այլ կայքեր այցելելու համար: Ըստ Մարտիրոսյանի’ առցանց 300-ից ավելի ԶԼՄ-ները իրենց ողջ բազմազանությամբ հանդերձ պտտվում են մեկ հարթակի’ «Ֆեյսբուքի» շուրջ:
Նա հորդորեց օգտարերերին հիշել, որ եթե ինչ-որ մեկը փորձում է կոտրել ուրիշի ֆեսյբուքյան էջը, ապա շատ հավանական է, որ ինքը կհայտնի իր իսկ ստեղծած ծուղակում և արդյունքում կկոտրվի իր էջը: Տեղեկատվության անվտանգության մասնագետը նաև վստահեցրեց, որ հաճախ սեփական էջի գաղտնաբառը փոխելը նույնպես անվտանգության երաշխիք չէ, քանի որ եթե նույն գաղտնաբառը օգտագործվում է տարբեր սոցիալական ցանցերում, ապա այն կրկնակի թուլացնում է անվտանգությունը:
Անդրադառնալով էլեկտրոնային փոստերին’ email-ներին, Մարտիրոսյանը նշեց, որ մի շարք չափանիշներով առավել անվտանգ է համարվում gmail-ը, սակայն դա նույնպես միանշանակ չէ: Twitter-ը դեռ լայնորեն չի ներթափանցել հայաստանյան իրականություն:
Տեղեկատվական կայքերի ապագան կանխատեսելով’ փորձագետը կարծիք հայտնեց, որ այսօրվա սպառողը միայն տեքստով չի բավարարվում, և այդ պառճառով գնալով մեծ պահանջարկ է սկսում վայելել մուլտիմեդիա արտադրանքը:
1992 թվականին այս օրը ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունեցող Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը։ 1994 թվականից սկսած, ամեն տարի այդ օրը’ նոյեմբերի 26-ը, Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում