Քարվաճառի ազատագրումը եղավ Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկը

Ընդհանուր առմամբ, Արցախյան գոյամարտում 1993-1994 թվականները և′ մարտական գործողությունների մասշտաբով, և′ ռազմարվեստի տեսանկյունից եղել են առանձնահատուկ: Պատերազմի այս փուլը՝ ի տարբերություն նախորդների, աչքի ընկավ զինտեխնիկայի մարտավարական ճիշտ կիրառմամբ և պատերազմում ռազմավարական ճիշտ պլանավորմամբ, որոնք մեծ հաշվով վճռեցին ազատամարտի ելքը:

1993-1994 թվականների ռազմական գործողությունների տրամաբանության մեջ էր մտնում նաև Քարվաճառի ազատագրումը, որը ահռելի մեծ նշանակություն է ունեցել և բեկումնային է եղել մարտական հետագա գործողությունների համար:

1993թ. հունվարի սկզբներին ադրբեջանա-արցախյան ռազմաճակատով մեկ ծավալված ռազմական գործողությունները թևակոխեցին նոր փուլ: Այս փուլում հակառակորդը գործի էր դրել, գրեթե, իր ողջ զինանոցը, գրոհային օդուժը, ծանր տանկերը, հետևակի մարտական մեքենաները: Եվ արդեն հունվարի 14-ին ադրբեջանական զորքերը անցան խոշորածավալ հարձակման Մարտակերտի շրջանի Կիչան և Սրխավենդ, ինչպես նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի ուղղությամբ: Սակայն հակառակորդին չհաջողվեց լուրջ հաջողություններ ունենալ և չկարողացան առաջ շարժվել այդ հատվածներում:

Այնուհետև հաջորդեցին փետրվարի սկզբներին ծավալված դաժան մարտերը հյուսիսային ռազմաճակատում: Մարտակերտի շրջանի զավթած տարածքների ազատագրման նպատակով Արցախի պաշտպանության բանակը փետրվարի 5-ին հարձակման հրաման տվեց: Մի քանի օրվա ընթացքում, կոտրելով հակառակորդի դիմադրությունը, Արցախյան ուժերը դուրս եկան Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհի ռազմավարական հատվածը: Փետրվարի վերջերին համառ մարտերի շնորհիվ արցախյան բանակին հաջողվեց լրիվ հսկողություն հաստատել Սարսանգի ջրամբարի վրա, այստեղ գտնվող էլեկտրակայանով հանդերձ, որը կենսական կարևոր նշանակություն ունի հանրապետության համար:

Իսկ արդեն մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում սկսվեցին Քարվաճառի շրջանի ռազմակայանների վերացման գործողությունները, ռազմակայաններ, որոնք լուրջ սպառնալիք էին ներկայացնում Արցախի արևմտյան սահմաններին: Ապրիլի 2-րդ կեսերից իրադրությունը ռազմաճակատում համեմատաբար արդեն հանգիստ էր: Ապրիլի 3-ին ճնշվեցին Քարվաճառի (Քելբաջար) շրջկենտրոնի կրակակետերը: Գրավելով Քարվաճառը Գանձակին (Գյանջային) կապող խաչմերուկը’ արցախյան ուժերը ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ: Որոշ աղբյուրնեի հավաստամամբ՝ Քարվաճառի ազատագրումը տեղի է ունեցել ապրլի 3-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում: Արևմտյան ուղղության գործողությունը ղեկավարում էին Գուրգեն Դալիբալթայանն ու Հրաչ Անդրեսյանը, Մարտակերտի ճակատից՝ Ավոն, իսկ միջանցքի կողմից՝ Յուրի Խաչատուրովը:

1993թ. Քարվաճառի ազատագրման ժամանակ հայկական հրետանին իրականացրեց պատերազմի ընթացքում մինչև այդ եղած ամենամեծ հրետանային հարվածը: Ռազմական փորձագետների հավաստմամբ՝ Քարվաճառում, թեև, միմյանց հաջորդող լեռնաշղթաներ էին՝ առավելապես ականանետների աշխատանքի տեղանք, բայց հրետանին աննախադեպ մեծ դեր ունեցավ: Ամենադժվարը գիծը ճեղքելն էր՝ Աղդաբանի առումը, որտեղ թշնամու ուժերի մեծ կուտակումներ կային, որոնք միայն հրետանու հարվածներից նահանջեցին: Դրանից հետո արդեն տեսադաշտ բացվեց և հրետանին սկսեց դիպուկ կրակներ բաց թողնել, և որի արդյունքում Կիրովաբադ փախչող խուճապահար բանակը հսկա ռազմավար թողեց, ընդհուպ հրթիռահրետանային բազմաթիվ կայանքներ, հրետանային սարքեր ու սպառազինություն, ինչը թույլ տվեց հենց տեղում նորոգել ստորաբաժանումների հրթիռահրետանային տեխնիկան, և դեռ պաշտպանության բանակում ձևավորել նոր ստորաբաժանումներ:
Եվ մեծ հաշով, եթե հակառակորդին հաջողվեր Քարվաճառում ընկճել արցախյան ուժերին, ապա հետագայում ամռանից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում Մարտակերտում ծավալվող գործողություններում չէր բացառվում հակառակորդի հաջողությունները ևս: Ուստի կարող են ասել, որ Քարվաճառի ազատագրումը իր մեծ ներդրումն ունեցավ մնացյալ ամիսների ծանրագույն մարտերում Մարտակերտի ազատագրման գործում:
Քարվաճառը՝ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, և′ պատերազմի ժամանակ և′ ցայսօր ունի կարևոր ռազմական և ռազմավարական կարևոր նշանակություն: Քարվաճառի շրջանը, որը բարձադիր է արցախյան սարահարթի համեմատ, և այս շրջանում են սկիզբ առնում Արցախի գրեթե բոլոր գետերը, ուստի վերջինիս ազատագրմամբ լուծվեց նաև ջրի հարցը:
Քարվաճառը ունի նաև կարևոր պատմական նշանակություն: Քարվաճառում է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտ՝ Դադիվանքը: Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարի սկզբում: Պահպանված կառույցների հիմնական մասը թվագրվում է 12-13 դարերով, որը վանքի ծաղկման շրջանն էր:

Քարվաճառի ազատագրմամբ պատերազմի այդ փուլում ռազմական կարևոր ձեռքբերումներից առաջինը կարող ենք համարել, այն որ վերջինիս ազատագրումով մի քանի հարյուր կմ-ով կրճատվեց ռազմաճակատի գիծը: Բանն այն է, որ Քարվաճառը երեք կողմից «սեպի պես խրված էր» Հայաստանի և Արցախի արանքում: Երեք կողմից’ Լաչինի, Վարդենիսի (այստեղ 1992 թվականի վերջին ադրբեջանական հրամանատարությունը օդային հարձակումների թիրախ էր դարձել) և Մարտակերտի ուղղության վրա, արցախյան կողմը ստիպված էր կենտրոնացնել մեծ ուժեր, որպեսզի թույլ չտար թշնամուն թիկունքից հարված հասցնել: Եթե թշնամին Քարվաճառից գրոհեր Մարտակերտի ուղղությամբ, և ճեղքեր արցախյան պաշտպանությանը, ապա կհայտնվեր մարտական գործողություններ իրականացնող արցախյան զորքերի թիկունքում: Այդ իսկ պատճառով Քարվաճառի ազատագրումով այլևս անհրաժեշտություն չկար վերոհիշյալ երեք ուղղություններով կուտակել հսկայական քանակությամբ տեխնիկա և մարտական ուժ: Եվ փոխարենը՝ պատերազմի այդ ծանրագույն ժամանակաշրջանում կարելի էր այդ ուժերը կենտրոնացնել այլ ուղղությամբ: Օրինակ՝ ճիշտ այդ ժամանակ, Մարտակերտում Սարսանգի ջրամբարի և Պուշկինյալի բարձունքի ուղղություններով ծանր մարտական գործողություններն էին ընթանում և մարտական գործողուններին աջակցություն էր անհրաժեշտ:

Եվ ի վերջո պետք հիշել մի կարևոր հանգամանք՝ մենք ունենք Արցախ գնացող երկու հիմնական ճանապարհ’ Լաչինով և Քարվաճառով, ուստի այդ երկու ուղիներին տիրապետումը կենսական նշանակություն ուներ և′ Արցախյան գոյամարտի ժամանակ, և′ այսօր :

Այսպիսով, պատահական չէ, որ Քարվաճառ շրջկենտրոնի ճանապարհին մեծ տառերով գրված է’ «Քարվաճառը հայոց միջնաբերդ է»: Եվ իսկապես, Քարվաճառը թե՛ պատմական, թե՛ աշխարհագրական և թե՛ ռազմական առումով ամբողջովին համապատասխանում է իր կոչմանը և իսկապես միջնաբերդի դեր է կատարում՝ անհրաժեշտության դեպքում կարողնալով պատսպարել խաղաղ բնակչությանը, և միաժամանակ դիմադրելով հակառակորդին:

Եվ այսպիսով, մշտապես պետք է հիշենք, որ Քարվաճառի ազատագրումը մեծ ձեռբերում էր ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլև համայն հայության կյանքում, որը ունեցավ ռազմական, քաղաքական և հոգեբանական առանցքային նշանակություն ողջ հայ ժողովրդի համար:

 Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում