Հայաստանի և Պերուի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
Նմանատիպ
ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու մեկնարկել է հունվարի 6-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցութամբ։Պերուի արտգործնախարարը ողջունել է 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծել, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար’ նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխարհամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։
Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:
Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:
Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրել է երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:
Հանդիպումից հետո Էդա Ռիվասը պաշտոնական ճաշ է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցել են նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Լիմայում նախարար Նալբանդյանը հանդիպել է Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։
Զրուցակիցները քննարկվել են Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում