Արմեն Աշոտյանն առաջարկում է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ  գրառումն է արել.

Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին:

Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն:

Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:

Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա:

Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում:

Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:

Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է:

Շնորհակալ կլինեմ կարծիքների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում