Էրդողանը դատի է տվել ևս 29 քաղաքացիների

Ստամբուլի Գեզի այգու հետ կապված իրադարձությունների ժամանակ սոցցանցերում զանգվածներին «հանցագործության դրդելու», ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար Իզմիրում դատական հայց է ներկայացվել ևս 29 քաղաքացիների դեմ:

Նախապես բերման էր ենթարկվել 39 քաղաքացի, սակայն, 7 ամիս տևած հետաքննության արդյունքում որոշվել է դատական գործ բացել նրանցից 29-ի նկտամամբ, որի վերաբերյալ առաջին դատական նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 24-ին: Մեղադրող կողմը յուրաքանչյուրի համար 3 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է պահանջում:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարող Գեզի այգու համար բնապահպանական պահանջներով անցյալ տարվա մայիսի վերջին սկսված բողոքի ակցիաները վերաճվել էին ամբողջ Թուրքիայով մեկ հակակառավարական ցույցերի:

Թուրքական մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այն մասին, որ Էրդողանը դատի է տվել այս կամ այն քաղաքացուն իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար և շահել դատը:Նշվում է, որ վարչապետի անձը վիրավորողների պատիժները արտահայտվում են կամ նրանց ազատազրկման ենթարկելով, կամ էլ դրամական տուգանքների տեսքով: Դեպքեր են եղել նաև, որ ոմանք հեռացվել են աշխատանքից, արտաքսվել հայրենի քաղաքից, կամ նույնիկս երկրից:

2003թ.-ից մինչ այժմ վարչապետության տարիներին իրեն վիրավորելու համար Էրդողանը դատական կարգով արդեն հարյուրավոր անձանցից հարյուր հազարավոր լիրա բարոյական վնասի փոխահատուցում է ստացել: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, որ իր անձնական հարստության զգալի մասը Էրդողանը կուտակել է իրեն վիրավորածներից ստացած փոխհատուցումների հաշվին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում