Մարտի 1-ի հարցով հանձնաժողովը հնարավորություն կունենա ծանոթանալ հարուցված քրեական գործերին

Խորհրդարանում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովը հնարավորություն կունենա ծանոթանալ 2008թ. մարտի 1-2-ի արյունալի դեպքերով հարուցված քրեական գործերին: Ազգային ժողովում մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի այն հարցին, թե մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործերին ծանոթանալու իրավունք ունեն սահմանափակ թվով մարդիկ և ինչպե՞ս է հանձնաժողովն ուսումնասիրելու այդ գործերը նման պարագայում: «Քրեական օրենսգրքով սահմանվում է, որ քրեական գործերին մինչև դատարան մտնելը իրավունք չունեն ծանոթանալ քրեական դատավարության մասնակիցները, իսկ պատգամավորներից ոչ մեկ նրանց մեջ չի մտնում և մենք այդ գործերին ծանոթանալու հնարավորություն կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հանձնաժողովի ստեղծման կարիք իսկապես կա, քանի որ արդեն 6 տարի է անցել մարտի 1-ի արյունալի դեպքերից, սակայն սպանությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Նա նշեց, որ մտավախություն ունի, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված քննությունն էլ դադարել է: «Եթե քննությունն ընթանար, ապա այդ մասին տեղյակ կպահեին տուժողների իրավահաջորդներին, սակայն չկա նման բան: Երկու տարի առաջ ամիսը մեկ անգամ տուժողների իրավահաջորդներին տեղյակ պահում էին քննության արդյուն քների մասին, սակայն հիմա չկա նման բան»,- ասաց Ջհանգիրյանը:

Ազգային ժողովը քննարկում է մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցությունը: Հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել –ի հարցով 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրին ականության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում