Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում

Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում

Երևանում մարտի 9 –ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու – ընտրական համաժողովը: 

Օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

Անցած քառամյա փուլում / 2009 – 2012 թթ. / կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀԱՕԿ – ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը : Նա խոսուն փաստերով և օրինակներով ներկայացրեց կարևոր մրցաշարերում հայ օլիմպիականնների / ամառային , ձմեռային , պատանեկան խաղեր և երիտասարդական փառատոներ / մրցելույթները , խոսեց նվաճումների ու նաև անհաջողությունների մասին :

Շիրակի և Լոռվա մարզերում ստեղծվել են ՀԱՕԿ – ի մասնաճյուղեր:

Տարբեր մարզաձևերի տասնյակ մասնագետներ են հրավիրվել Հայաստան ու ղեկավարել մարզչական – մասնագիտական դասընթացներ : Դրանց ունկնդրել են երկրի բոլոր մարզերում աշխատող համապատասախան մասնագետները :

Հաջողությունների գործում անուրանալի է ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը : Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ են Երևանում կազմակերպվել ու անցկացվել բռնցքամարտի աշխարհի պատանեկան , երիտասարդական առաջնություններ , կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար , աշխարհի հոկեյի առաջնության երրորդ խմբի մրցաշար , օլիմպիական խաղերի դափնեկիր ըմբիշներ Լևոն Ջուլֆալակյանի , Ստեփան Սարգսյանի անվան և միջազգային այլ մրցաշարեր:

ՀԱՕԿ –ը ընդլայնել է կապերը միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեների և միջազգային տարբեր ֆեդերացիաների ու բազում ազգային երկրների ԱՕԿ – ների հետ:

ՄՕԿ –ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:

ՀԱՕԿ – ի գործունեությունը բարելավելու նպատակով Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներից մարզաշխարհի մարդկանց է հատկացրել բնակարաններ, ավտոմեքենաներ և ֆինանսական պարգև` մեկ միլիարդ 234 միլիոն 260 հազար դրամ:

Կատարված աշխատանքը ավելի ընդգրկուն ներկայացվեց տեսաֆիլմով:

Հաշվետու ելույթով հանդես եկավ ՀԱՕԿ – ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հարություն Մելքոնյանը:

Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած կառույցի աշխատանքը իրենց խոսքում բարձր գնահատեցին օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Օգսեն Միրզոյանը, օլիմպիական ակադեմիայի դեկան Հարություն Բաբայանը և շախմատի մասնագետ Հովիկ Խալիկյանը: Նշվեց, որ Գ. Ծառուկյանի ղեկավարության օրոք / 2008 և 2012 թթ. կայացած օլիմպիական խաղեր / Հայաստանի մարզիկները նվաճել են 9 մեդալ:

Ներկաները նույնպես բավարար գնահատեցին ՀԱՕԿ – ի կատարած աշխատանքը և Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ՀԱՕԿ –ի նախագահի պաշտոնում:

Փոխնախագահներ ընտրվեցին Վահրամ Առաքելյանը, Դերենիկ Գաբրիելյանը և Օգսեն Միրզոյանը: ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար ընտրվեց Հրաչյա Ռոստոմյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գ. Ծառուկյանը: Նա ասաց ,որ հաջողությունները և ընդհանուր առաջընթացը պայմանավորված է բնագավառի մարդկանց նվիրական աշխատանքով: Տևական ձախողումներից հետո մեր օլիմպիականների հաշվին գրանցված պարգևները մարզիչների, մարզական բոլոր կազմակերպությունների աշխատակիցների տքնաջան գործի արդյունք է և առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել նրանց: Նա մասնավորապես ընդգծեց, որ կշարունակի անկողմանակալ աշխատանքը և, ինչպես միշտ, նույնը կպահանջի մարզիչներից և մյուս բոլոր պատասխանատուներից:

ՀԱՕԿ – ի լրատվության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում