Չավի…Մաեստրոն (մաս 1-ին)
Նմանատիպ
Չավին «Բարսելոնայի» ակադեմիայում` «Լա Մասիայում» հայտնվեց 11 տարեկան հասակում։ Նա իր հիանալի խաղի շնորհիվ երիտասարդական թիմերից արագորեն հայտնվեց Խորխե Գոնսալվոյի ղեկավարած «Բարսելոնա Բ»-ում։ Չավին այնտեղ էլ իրեն ամենալավ կողմերով դրսևորեց ու դարձավ կատալոնական ակումբի 2-րդ թիմի առաջատարներից մեկը։ 1998 թվականի օգոստոսի 19-ին նա իր դեբյուտը նշեց «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում։ Այդ օրը նրանք Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում մրցում էին «Մալյորկայի» դեմ։ Կատալոնական ակումբի այդ տարիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գաալը շատ հավանեց երիտասարդ կիսապաշտպանի խաղը ու նրան դարձրեց հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Ու ընդհանրապես պետք է նշել, որ 1998թ. մինչ օրս «Բարսելոնան» գլխավորել են 6 մարզիչներ’Լուի Վան Գաալը, Կառլես Ռեկսաչը, Ռադոմիր Անտիչը, Ֆրանկ Ռայկարդը, Խոսեպ Գվարդիոլան և Տիտո Վիլանովան ու բոլորի օրոք էլ Չավին իր ուրույն տեղն է ունեցել մեկնարկային կազմում։
Դեբյուտից հետո Չավին արագորեն շահեց մարզչի վստահությունն ու սկսեց պարբերաբար տեղ զբաղեցնել մեկնարկային կազմում: Կատալոնացու օգտին էր նաև այն, որ 1999-2000 թթ. մրցաշրջանում վնասվածք ստացավ իր դիրքում հանդես եկող, այն ժամանակվա թիմի ավագ Խոսեպ Գվարդիոլան և Չավին կարողացավ իր կարողությունների շնորհիվ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ ու այդ տեղը բաց չթողեց նաև հետագայում:
2004-2005 թթ. մրցաշրջանից սկսած, Խավին ստանձնեց ակումբի փոխավագի դերը, ինչը խոսում է «Բարսելոնայում» նրա մեծ կարևորության մասին: 2005-2006 թթ. մրցաշրջանը առանձնահատուկ էր կատալոնական ակումբի համար, քանի որ թիմը 2-րդ անգամ իր պատմության մեջ հռչակվեց Չեմպիոնների լիգայի հաղթող’եզրափակիչում 2-1 հաշվով առավելության հասնելով «Արսենալի» նկատմամբ: Սակայն Չավիի համար ամեն ինչ այդքան էլ հարթ չընթացավ: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը ու մոտ 5-6 ամիս հարկադրված պարապուրդի էր մատնվեց: Իսկ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր հանդիպմանը կատալոնացին հետևում էր միայն պահեստայինների նստարանից:
ՈՍԿԵ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
2008թ. ամռանը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերը ստաձնեց կատալոնական ակումբի ոչ վաղ անցյալի լավագույն ֆուտբոլիստներից մեկը’ Պեպ Գվարդիոլան: Վերջինս մարզչական կարիերան սկսել էր «Բարսա Բ»-ում’ ակումբի 2-րդ թիմում, որի ղեկին բավականին հաջողությամբ էր աշխատել: Չավին նրա նոր կառուցվող թիմի հենասյուներից էր: Առաջին իսկ մրցաշրջանում կատալոնացիները բացառիկ արդյունքի հասան’հաղթելով բոլոր հնարավոր մրցաշարերում, որոնց մասնակցում էին: Նախ, Պեպ Գվարդիոլայի սաները Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեցին Բիլբաոյի «Ատլետիկին»: Հանդիպման վերջակետն էլ տուգանայինից իրացրած հարվածով դրեց հենց Չավին: Այնուհետև հերթը Իսպանիայի առաջնությանն էր, որտեղ նույնպես կատալոնացիները չեմպիոնության հասան:
Հատկանշական է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած Մադրիդի «Ռեալի» հետ Կլասսիկոն, որում հյուրերը հաղթեցին 6-2 հաշվով: Այդպիսի հաշվով հաղթանակից հետո անպատեհ էր խոսել «Բարսելոնայի» չեմպիոնության արժանիության մասին: Իսկ Չավին հերթական անգամ ցուցադրեց դիսպետչերի իր ֆանտաստիկ կարողությունները’այդ խաղում դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: Դե ինչ, հերթը Չեմպիոնների լիգայինն էր, որի եզրափակիչում «Բարսան» պետք է ուժերը չափեր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նույնիսկ Ալեքս Ֆերգյուսոնի սաները ի վիճակի չեղան կանգնեցնելու «կատալոնական մեքենային», որի «վարորդներից» մեկն էլ Խավին էր: Եզափակիչում «կապտանռնագույնները» առավելության հասան 2-0 հաշվով, իսկ 2-րդ գոլը հեղինակեց Լիոնել Մեսսին’օգտվելով հենց թիմի 6 համարի փայլուն փոխանցումից: Այսքանից հետո եկավ մրցանակներ ստանալու պահը: Չավին դարձավ Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի առաջնության գլխավոր ասսիստենտը’հանապասխանաբար 7 և 20 գոլային փոխանցումներով: Նա արժանացավ նաև ՉԼ-ի այդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո երկարաձգեց Չավիի պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվականը’տարեկան 7,5 մլն. եվրո աշխատավարձով:
2009-2010 թթ. մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը շարունակեց իր հաղթական շարքը’նվաճելով նաև Եվրոպայի ու Իսպանիայի սուպերգավաթների և Աշխարհի ակումբային առաջնության գավաթները; Վերջինիս կիսաեզրափակիչ «Ատլանտեի» հետ խաղը Չավիի 500-րդ խաղն էր հարազատ ակումբի կազմում: Այդ տարի կատալոնացիները կրկին նվաճեցին Պիրենեյան թերակղզու չեմպիոնի տիտղոսը’վճռորոշ խաղում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնելով «Ռեալին»: Չավիի թիմը տարին ավարտեց ռեկորդային 99 միավորով, իսկ անձամբ ֆուտբոլիստը դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Իսկ նույն տարվա հունիսի 3-ին Marca-ի վարկածով «Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակի» դափնեկիրների շարքում, որը տրվում է տվյալ մրցաշրջանի լավագույն խաղացողին, Չավին զբաղեցրեց 3-րդ տեղը’հետ մնալով միայն Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից:
2010 թվականի հունիսի 9-ին Էռնանդեսը երկարաձգեց պայմանագիրը իր թիմի հետ մինչև 2016 թվականը: Նոր մրցաշրջանում կատալոնական ակումբի գլխավոր հակառակորդի’«Ռեալի» մարզչական ղեկն էր ստանձնել Ժոզե Մոուրինյոն ու շատերի կարծիքով, եկել էր «Բարսայի» իշխանության ավարտը համաշխարհային ֆուտբոլում: Սակայն նրանք ապացուցեցին հակառակը, քանի որ առավել քան համոզիչ ոճով’5-0 հաշվով, նոյեմբերի 29-ին ջախջախեցին «Արքայական ակումբին»: Այդ տարվա «Ոսկե գնդակին» հավակնում էին բացառապես «Բարսայի» ֆուտբոլիստները: Չավին նույնպես այդ ցուցակում էր’ իր խաղընկերկեր Անդրես Ինիեստայի ու Լիոնել Մեսսիի հետ: Չնայած ամռանը նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսին, իսպանացի թեկնածուների փոխարեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց Մեսսին Այդ տարվա հունվարի 5-ին, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» հետ հանդիպմանը, Չավին «Բարսայի» մարզահագուստը հագավ 550-րդ անգամ’ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաշատ թվով խաղեր անցկացրած ֆուտբոլիստը:
Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» 3-րդ տարին անընդմեջ իր մոտ բերեց Իսպանիայի չեմպիոնական ոսկիները: Թիմը հաղթեց նաև Չեմպիոնների լիգայում, իսկ եզրափակիչում, ինչպես 2 տարի առաջ, պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»’այս անգամ 3-1 հաշվով:
2011-2012 թթ. մրցաշրջանը կարելի է անհաջող համարել կատալոնացիների համար: «Բլաուգրանան» միայն առանձին խաղերում էր ցուցադրում այն ֆուտբոլը, որը կարելի էր տեսնել նախորդ տարիներին: Թիմը ձեռքից բաց թողեց երկրի չեմպիոնի կոչումը’զիջելով այն Մադրիդի «Ռեալին»: Վճռորոշ նշանակություն ունեցավ «Նոու Կամպում» մադրիդցիներից 1-2 հաշվով կրած պարտությունը: Կատալոնացիները նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում զիջեցին «Չելսիին», որն էլ հետագայում տիրացավ պատվավոր ավարին:
Այդուհանդերձ, Չավիի համար կար նաև ուրախանալու առիթ, քանի որ «Ռեալի» հետ դեկտեմբերի 10-ին կայացած խաղում, ուր նրա թիմը հաղթեց 3-1 հաշվով, Էռնանդեսը կապտանռնագույն մարզաշապիկով անցկացրեց իր 600-րդ հանդիպումը: Ի դեպ, նա այդ օրը ինքն իրեն նվեր մատուցեց’գրավելով Իկեր Կասիլյասի դարպասը:
Շարունակելի..
Հետևեք մեզ նաև Telegram-ում