Իրանը մերժել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը

Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Իրանը մերժել է իրենց առաջարկը թույլտվություն տալ այցելել այն միջուկային օբյեկտը, որտեղ մասնագետները կասկածում են, որ պայթուցիկների փորձարկումներ են տեղի ունեցել:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զեկույցում նաև նշվում է, որ չնայած «ինտենսիվ ջանքերին»՝ կողմերը ոչ մի համաձայնության չեն եկել, թե ինչպես վերսկսել հետաքննությունը, որը սառեցվել էր չորս տարի առաջ:

«Ցավալի է, որ Իրանը չընդունեց մեր առաջարկը: Մենք տրամադրված էինք կառուցողական, սակայն ոչ մի համաձայնություն չկնքվեց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն:

Նշենք, որ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների երկօրյա այս այցը Իրան մեկ ամսվա կտրվածքով արդեն երկրորդն է՝ հաշվի առնելով աճող լարվածությունը Իրանի միջուկային ծրագրերի շուրջ:

Արևմուքտը փորձեց սպառնալ Իրանին տնտեսական պատժամիջոցներով՝ վերջինիս միջուկային աշխատանքները կասեցնելու նպատակով: ԵՄ-ի նախարարական խորհուրդը որոշում կայացրեց դադարեցներ իրանական ընկերությունների հետ նավթի պայմանագրերը մինչև հուլիսի 1-ը, սակայն Իրանն իր հերթին խոստացավ դա անել ավելի կարճ ժամանակում: Այժմ իրանական նավթի մատակարարման պայմանգրերն արդեն կասեցվել են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ:

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում, և որ առկա խնդիրներին լուծում գտնելու համար Իրանը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսել «5+1» ձևաչափով (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները + Գերմանիան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում