Մաշտոցի այգու հարցը քննվել է Հանրային խորհրդում. բնապահպանները դեռ այգում են

Երեկ, փետրվարի 23-ին, Հանրային խորհրդում քննարկվել է Մաշտոցի այգում կրպակների տեղադրման հարցը: Ինչպես հաղորդում է hetq.am-ը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ առևտրի կրպակները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և տեղադրվելու են 2-3 տարով: Նա նաև ավելացրել է, որ դեռևս չգիտեն, թե ովքեր են կրպակների սեփականատերերը և ոչ մի պայմանագիր չեն կնքել: 

Երեկ թեմային անդրադարձել է նաեւ գրող, հրապարակախոս Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ` հայտարարելով, որ ուղիղ եթերի գալուց առաջ զանգահարել է և պարզել, որ քիչ առաջ տեղի ունեցած քաղաքաշինության նիստի ժամանակ հայտարարվել է, որ այդ տաղավարները Մաշտոցի պուրակում չպետք է կառուցվեն: Տեր-Գուլանյանը նշել է նաեւ, որ նիստին մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը: Միայն կարծես թե Տեր–Գուլանյանը շփոթել է նիստերի անվանումները:

Հրապարակախոսը նաեւ ելույթ է ունեցել ի պաշտպանություն քաղաքապետի` հայտարարելո, թե ինքը Տարոն Մարգարյանի երկրպագուն է:

 Հրապարակախոսը նաեւ հոգ է տարել, որ բնապահպան երիտասարդներն անգործ չմնան` նոր թեմա առաջարկելով նրանց: «Տարիներ առաջ, խորհրդային շրջանում Սև Սարից և Արմաղանից վիշապաքարերը բերեցին Երևան, դրանք 25-30 հազ տարվա պատմություն ունեն, որոնք Երևանում, այգում դրված որպես նստարան են ծառայում, թող դրան էլ ուշադրություն դարձնեն»,-ասել է նա:

Նույն հաղորդման մասնակից Երեւանի Կամերային Թատրոնի գեղ. ղեկավար Արա Երնջակյանն էլ նշել է, որ Մատենադարանի տարածքում շինարարարության արդյունքում ավելի շատ ծառ է հատվում:

Չնայած այս որոշումներին ու տարաբնույթ հայտարարություններին` բնապահպանները շարունակում են մնալ այգում: Ավելին, արդեն մի քանի օր է` նրանք մշակութային միջոցառումներ են կազմակերպում եւ ունենում են բազմաթիվ հյուրեր: Այսօր, պայքաչի 14-րդ օրը նախատեսվում է ցուցահանդես` «Ես դեմ եմ շների սպանդին» վերնագրով, հանդիպում կլինի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հետ, այնուհետեւ «Քաղաքացիական ամբիոն»-ը կտրամադրվի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին:

Օրվա ընթացքում հավանաբար կլինեն նաև երաժշտական կատարումներ:

Նշված հայտարարությունից հետո երեկ facebook սոցիալական ցանցում ակտիվիստները հանդես եկան կոչերով, որ պետք չի համարել, թե պայքարն ավարտված է, եւ բոլորին կրկին հրավիրեցին այգի:

Հիշեցնենք, որ մի խումբ բնապահպաններ և երիտասարդ ակտիվիստներ երկու շաբաթ շարունակ բողոքի ցույց են իրականացնում Մաշտոցի պուրակում: Նրանք պահանջում են, որպեսզի Երևանի Քաղաքապետարանը չեղյալ համարի իր որոշումը, ըստ որի Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները պետք է ժամանակավորապես տեղակայվեն Մաշտոցի պուրակում: Ակտիվիստների համոզմամբ՝ դա անօրինական է, քանի այդպիսով պատմական այգին կորցնում է իր իմաստը և գործառույթը:

Շարժման տարբեր փուլերում այգի են այցելել և ակտիվիստներին աջակցել են մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում