ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ. Թուրքիայում իշխում են դեռևս Հայոց ցեղասպանության ժամանակ դրսևորված տրամադրությունները

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայում փետրվարի 26-ին տեղի ունեցած հակահայկական ցույցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հանձնախմբին, ամերիկահայերը կոչ են արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին դատապարտել այդ երկրում հայերի նկատմամբ ատելության հերթական դրսևորումը:

«Ստամբուլում հակահայկական ցույցերին իրենց օժանդակությունն են ցուցաբերում այդ երկրի Ներքին գործերի նախարարը և կուսակցական գործիչներ: Ակնհայտ է, որ այս ցույցերը ռասիզմի հերթական դրսևորումն են Թուրքիայում»,- այս առնչությամբ հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև ընդգծել է, որ թուրքական հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայում իշխում են դեռևս Հայոց ցեղասպանության ժամանակ դրսևորված տրամադրությունները:

Փետրվարի 27-ին Ստամբուլում և Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային հակահայկական ցույցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում