Հատուկ ծառայութույունները կանխել են Վ.Պուտինի նկատմամբ մահափորձը

Ուկրաինային և Ռուսաստանի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա պատրաստվող մահափորձը: Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС» գործակալությունը՝ հղում անելով ռուսական Առաջին ալիքին, Օդեսսայում միջազգային հետախուզության մեջ գտնվող հանցագործներ են ձերբակալվել, որոնց ցուցմունքներից պարզ է դարձել, որ վերջիններս պատրաստվում էին մահափորձ իրականացնել Վ.Պուտինի նկատմամբ անմիջապես նախագահական ընտրություններից հետո:

Վարչապետի մամլո խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հաստատել է այդ տեղեկատվությունը. «Հաստատում եմ լուրը, սակայն դեռևս չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասել է Դ.Պեսկովը:

Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 4-ին Օդեսսայում փերբակալվել են ՌԴ երեք քաղաքացի, ովքեր առնչություն ունեն տեռորիստական գործողություններին: Սակայն դեռևս հայտնի չէ, թե խոսքը նույն հանցագործների մասին է, թե ոչ:

Հետաքննության տվյալների համաձայն՝ հանցագործները թաքնվում էին Օդեսսայում վարձած մի բնակարանում, որտեղ նրանք զբաղվում էին պայթուցիկներ սարքելով: Դրա արդյունքում փետրվարի 4-ին անկանխատեսելի պայթյուն է տեղի ունեցել, և բնակարանը հրդեհվել է: Հանցագործներից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ այրվածքներով գտնվում է վերակենդանացման բաժնում: Այնուհետև նա հայտնել է, որ տեռորիստական գործողություն էին նախապատրաստում Ռուսաստանում:

Աղբյուրը նաև նշում է, որ սա առաջին մահափորձը չէ Վ.Պուտինի նկատմամբ: 2000 թվականին ուկրաինական հատուկ ծառայությունը կրկին տեղեկատվություն ուներ այն մասին, որ այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հանդեպ մահափորձ են ձեռնարկում: Մահափորձը նախատեսվում էր իրագործել օգոստոսի 18-19-ին Յալտայում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում