Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը հարգել են Ռումինիայում և Բաթումում
Նմանատիպ
Փետրվարի 28-ին, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի, Բաթումի Ս. Փրկիչ հայկական եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն, որի մասնակցում էին Աջարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, հայկական կրթօջախների աշակերտներ և ուսուցիչներ:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ արարողությունից հետո մասնակիցները ծաղկեպսակ դրեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարին, ելույթ ունեցողները մեկ անգամ ևս նշեցին, ու նման ոճրագործությունների մոռացումը ծնում է նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ գործվող նոր հանցագործություններ:
Երեկոյան Բաթումի «Բարեկամության տանը» «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սումգայիթյան ջարդերին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Փետրվարի 26-ին նույն դահլիճում կայացել էր Խոջալուի դեպքերին նվիրված ֆիլմի ցուցադրություն, որի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները նշել են իրական փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի ապարդյուն լինելը:
Նշված միջոցառումները լուսաբանվել են վրացական Adjara TV և TV 25 հեռուստաալիքներով:
Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը հարգել են նաև Ռումինիայում: Փետրվարի 26-ին` կիրակի օրը, Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:
Արարողությանը հաջորդեց «Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ օրվա թեմայով, կարճատև խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Համլետ Գասպարյանը, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Օրվա բանախոս ռումինահայ գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը ներկաներին մեկ անգամ ևս հիշեցրեց 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված դաժան ողբերգության մասին` ներկայացնելով ժամանակի պատմաքաղաքական միջավայրը եւ իրադարձությունների հետագա զարգացման վրա այդ ոճիրի ազդեցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում