Մամուլն այսօր. «Կոմիտաս ծնած ազգն իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում լինելու է նաև ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Ըստ թերթի տեղեկությունների` Աբրահամյանը ցուցակում լինելու է երկրորդ կինը` Հեղինե Բիշարյանից հետո: Սուսաննւս Աբրահամյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Դա Ձեր սեփական կարծիքն է ու Ձեր տեսակետը: ՕԵԿ-ի ցուցակը դեռևս քննարկման փուլում է գտնվում: Առաջիկայում ՕԵԿ-ի համագումարն է, որի ժամանակ կհրապարակվի ցուցակը, ինչի մասին նաև Դուք կտեղեկանաք»: Թերթը հիշեցնում է, որ ՕԵԿ-ի համագումարը տեղի կունենա մարտի 3-ին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը, որ 2007-ին պատգամավոր էր ընտրվել Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքից, երեկ «Հայկական ժամանակ» թերթին ասել է, որ մեծամասնականով չի առաջադրվելու և չի ընդգրկվելու ԲՀԿ համամասնական ցուցակում: Պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ ուզում է զբաղվել բիզնեսով: Թերթին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ն որոշել է այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել գործող պատգամավոր Մելիք Մանուկյանի թեկնածությունը, որը նախորդ ընտրություններում Աժ էր մտել Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքից. նա ի սկզբանե չէր ուզում մեծամասնականով առաջադրվել և փորձում էր Աժ անցնել ԲՀԿ համամասնական ցուցակով: 27-ում էլ, ըստ թերթի տեղեկությունների, ԲՀԿ-ն առաջադրելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամու` Մուրադ Գուլոյանի թեկնածությունը, որը 2007-ին պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով: Ի դեպ, Կոտայքի մարզի մյուս ընտրատարածքում էլ` թիվ 25-ում (սա Հրազդանը ներառող ընտրատարածքն է), ԲՀԿ-ն առաջադրելու է Դավիթ Քոչարյանի թեկնածությունը, որը տակավին անհայտ դեմք է քաղաքական դաշտում:

«Հրապարակ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չի բացառել, որ ինքը մեծամասնական ընտրակարգով կարող է առաջադրվել ՄալաթիաՍեբաստիայի թիվ 8 ընտրատարածքից. «Քաղաքական խորհրդի վերջնական որոշման արդյունքում մենք կհրապարակենք այդ որոշումը, բայց ես վճռական եմ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հարցում»,- ասել է Բիշարյանը` հավելելով. «Ողջ համայնքը չի կարող լինել մի ընտանիքի սեփականություն»:

Թերթը նաև հայտնում է, որ վերջին շրջանում հակասական տեղեկություններ են հայտնվել «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Նախ գրվեց, որ չի առաջադրվելու, ապա նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ եղբայրը թերևս կառաջադրվի: Երեկ թերթի թղթակցի հարցմանն ի պատասխան` «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ գործուղման է Չինաստանում և միայն երկու օրից վերադառնալուց հետո անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին: Ի դեպ, այս ընտրատարածքում արդեն իսկ իր առաջադրման մասին հայտարարել է «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:

Ի՞նչ ունի Հայաստանն այսօր.

«Ազգ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այսօր հաշվառված է 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքերից շահագործվում է 400-ը, ներառյալ` 22 մետաղական: Հանրապետության ընդերքը հարուստ է երկաթով, պղնձով, մոլիբդենով, ոսկիով, ցինկով, արծաթով, ալյումինով: Հայաստանում կան 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայրեր: Հայաստանում այսօր գործում է 15 պոչամբար, որոնց ծավալներն անցնում են մի քանի միլիոն խորանարդ մետրից և զբաղեցնում 700 հա ընդհանուր մակերես: Պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ: Բնապահպաններն ահազանգում են, որ պոչամբարները կարող են հատկապես վտանգավոր լինել ուժեղ երկրաշարժերի ժամանակ: Հանքերի շահագործման ընթացքում գոյացած միլիոնավոր տոննաների հասնող արդյունաբերական թափոնները լուրջ վտանգ են շրջակա միջավայրին: Թեպետ Հայաստանը սեյսմիկ գոտի է համարվում, թափոնների առաջացած ռիսկերի գնահատում պետությունը չի կատարել: Պոչամբարները հատկապես վտանգավոր են, որովհետև գտնվում են բնակավայրերի, արոտավայրերի, ջրային աղբյուրների հարևանությամբ, հասցրած վնասն էլ կարող է լինել անդառնալի:

Թափոնների վերաբերյալ վերջին հետազոտությունը կատարվել է 2008-ին: Համաձայն բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջի, այդ թվականին Հայաստանում առաջացել է 11,5 միլիոն տոննա թափոն: Ըստ թերթի` հաշվի առնելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով, ապա կարելի է պնդել, որ հաջորդ չորս տարիներին թափոնների քանակը Հայաստանում եթե չի ավելացել, ապա չի էլ նվազել: Թափոնների առյուծի բաժին 90 տոկոսն առաջացել է Սյունիքի մարզում: Հանրապետության հարավում են գտնվում խոշորագույն հանքերը: Փատորեն մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել է 3,5 տոննա: Մեկ շնչին ընկնող թափոնների քանակով Հայաստանը համարվում է ռեկորդակիր և զբաղեցնում առաջին հորիզոնականը»:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է պաշտոնական տվյալները՝ գրելթվ, որ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 592 միլիարդ 712 միլիոն դրամ կամ մոտ 4 միլիարդ 137 միլիոն դոլար: Դրանից 3 միլիարդ 568 միլիոն դոլարը արտաքին պարտքն է:

Միայն անցած տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը աճել է 270 միլիոն դոլարով կամ ավելի քան 8 տոկոսով: Ներքին պարտքը աճել է 36 միլիարդ դրամով կամ մոտ 93 միլիոն դոլարով: Այսպիսով, ՀՀ պետական պարտքը աճել է 363 միլիոն դոլարով: Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը անցած տարվա ողջ ընթացքում օրական վերցրել է մեկ միլիոն դոլարի պարտք` ներառյալ շաբաթկիրակի օրերը: Հաշվի առնելով մարդահամարի վերջին տվյալները` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կամքից, պարտք է 1480 դոլար:

Զարմանազան.

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս, առիթ ենք ունեցել ուսումնասիրելու բավականին հետաքրքրական տեսանյութեր, որոնց հեղինակը, օգտագործելով ձայնագրության դանդաղեցման տեխնոլոգիան, ցույց է տվել, որ «Սուրբ Հոգով» լեզուներով խոսելիս «Կյանքի խոսք» աղանդի հայաստանյան մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանը, իրականում, արտաբերում է որոշակի ծիսական ֆրազներ մաքուր իտալերենով: Եվ այդ ֆրազները վերաբերում են բազում հին ու նոր կրոններին:

Իսկ թե ինչպե՞ս է այդ «լեզուներով խոսելու» տեխնոլոգիան ծառայեցվում համաշխարհային միասնական կրոն ստեղծելու ծրագրին և ինչո՞ւ հատկապես Հայաստանում է այդքան մեծ «Կյանքի խոսքի» ակտիվությունը, կներկայացնենք «Հետաքննության» առաջիկա համարում»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Աժ նախագահի մշակութային հարցերով խորհրդատուի պաշտոնում է նշանակվել հեռուստասերիալի դերասանուհի Մերի Փայտյանը: Ուշագրավն այն է, որ Նիկոյանի խորհրդատուն սերիալներում կատարում է հիմնականում երկրորդական դերեր: Թե ինչ խորհուրդներ է տալու դերասանուհին Նիկոյանին, անհասկանալի է. երկու օր է` Աժ-ում նրան հանդիպելու թերթի փորձերն ապարդյուն են անցել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Փայտյանը հազվադեպ է աշխատանքի գալիս:

Անդրադառնալով «Եվրատեսիլ»-ին մասնակցել-չմասնակցելու հարցին` «Հայոց աշխարհը» գրում է. «Նման իրավիճակում մի դեպք եմ միայն հիշում, երբ մեր ներկայացուցիչը, տվյալ դեպքում` բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, մասնակցելով Ստամբուլում կազմակերպված գրական մի խորհրդաժողովի, ուղղակի առանց երկնչելու իր զեկույցում թուրքերի երեսին շրխկացրել էր նրանց գործած ցեղասպանության մասին: Բանաստեղծությամբ, ընդ որում, ոչ միայն իր գրած, այլևւ ժամանակակից ամերիկյան եւ եվրոպական հեղինակների տողերով: 

Վերադառնանք «Եվրատեսիլը» բոյկոտել-չբոյկոտելուն: Ի դեպ, հայ երգիչների բոյկոտել-չբոյկոտելու մասին խոսելով՝ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը շեշտել էր, թե Հայաստանը ոչ միայն Բաքվում տեղի ունենալիք, այլև  բոլոր «Եվրատեսիլները» պետք է բոյկոտի։ Ըստ նրա. «Քաղաքականացված եւ անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտաս ծնած ազգն իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում