Բացվել է արվեստների ավանդական «Art EXPO» ցուցահանդեսը
03/03/2012 11:09
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվող արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսի բացմանը, որն արվեստի ցուցահանդեսից վերածվել է նոր ծրագրերի, գաղափարների, նախաձեռնությունների ներկայացման մշակութային հարթակի:
2012 թվականին «ART EXPO»-ն կանցնի նաև գրի, գրականության և գրավոր ժառանգության խորհրդի ներքո՝ նկատի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, նաև այն հանգամանքը, որ այս տարի լրանում է հայ գրատպության 500-ամյակը:
Ցուցահանդեսում հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ բացված գրառումների գրքում Նախագահ Սերժ Սարգսյանն առաջին գրառումն է կատարել: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, գրել է. «Հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաք Երևանն իր մեջ ամփոփելով անցյալի մայրաքաղաքների՝ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի ու Անիի երբեմնի փառքն ու հիշատակը, աշխարհասփյուռ հայության հարատևության ու ապագայի խորհրդանիշն է:
Ուստի, բոլորիս սրբազան պարտքն է պահել ու պահպանել մեր ազգի բաբախող այդ սիրտը, օր-օրի այն դարձնել բարեկեցիկ ու գեղեցիկ»:
Ցուցահանդեսում շրջելուց հետո, Հանրապետության նախագահը Նկարիչների միության նախասրահում գործող «գրական սրճարանում» թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել մտավորականների հետ, որից հետո պարգևներ է հանձնել Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի կողմից հայտարարված «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների և «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթների հաղթողներին: Մրցույթներին մասնակցել են Հայաստանի բուհերի և հանրակրթական դպրոցների ուսանողներ ու աշակերտներ:
Մրցույթներում հաղթած երկու ուսանողներն որպես մրցանակ ստացել են Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի հավաստագրերը և հնարավորություն՝ տարվա ընթացքում մասնակցելու արտերկրում իրականացվող որևէ գրական նախագծի, իսկ հաղթած աշակերտին հավաստագրից բացի, տրվել է «Արտեկ» մանկական միջազգային ճամբարում հանգստանալու հնարավորություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում